Ֆրանսիացի հեղինակ Պիեռ Բուրդյոյի «Հանրային կարծիք գոյություն չունի» աշխատությունն առանցքային նշանակություն ունի հասարակագիտության ոլորտում և այն մարդկանց համար, ովքեր դիտում են հասարակագիտությունը որպես իրենց շրջապատող իրականությունը ճանաչելու միջոց:
Ըստ Բուրդյոյի, հանրային կարծիքի ուսումնասիրության տարբեր պրակտիկաները դիտարկելիս պարզ է դառնում, որ դրանք հիմնված են երեք հիմնական պոստուլատների վրա: Առաջին պոստուլատն այն է, որ բոլոր մարդիկ ունեն կարծիք, կամ կարծիքների արտադրությունը հասանելի է բոլորին: Երկրորդ պոստուլատն այն է, որ բոլոր կարծիքները նշանակալի են և, երրորդ պոստուլատի համաձայն, հստակ հարցեր ձևակերպելիս ենթադրում ենք, որ այդ հարցերի և խնդիրների նկատմամբ առկա է կոնսենսուս, այսինքն համաձայնություն այն մարդկանց շրջանում, ովքեր հետո պատասխանում են այդ հարցերին:
Բուրդյոյի խոսքով, մենք չենք կարող պարզել այս խնդիրները, քանի որ սոցիոլոգիական պրակտիկային առաջ քաշվող պրետենզիաները հիմնականում տեխնիկական են. հիմնականում խոսվում է ներկայացուցչականության մասին՝ ինչքանով են այս կամ այն տվյալները ներկայացուցչական այս հանրույթի համար, խոսվում է հարցերի ձևակերպման խնդիրների մասին:
Սա, անշուշտ, կարևոր է, սակայն Բուրդյոյի կարծիքով խնդիրը դա չէ. հարցերի ձևակերպումների մանիպուլյացիաներն իրականում մեզ ցույց են տալիս մի շատ ավելի կարևոր խնդիր. այդ հարցումների նկատմամբ ձևավորվում է հատուկ սոցիալական պահանջ և պատվեր, որը և որոշում է հարցումների օրակարգը:
Բուրդյոն պնդում է, որ հանրային կարծիքի ուսումնասիրությունը քաղաքական գործողության առարկա է և գործիք է, որի հիմնական գործառույթն է ներշնչել պատրանք, թե հասարակական կարծիք գոյություն ունի, ընդ որում, որպես բացառապես անհատական կարծիքների գումարման միջոցով ստացվող միջինացված կարծիք: Բուրդյոյի ձևակերպմամբ նման բան չկա և դա արտեֆակտ է. իրականում մենք որևէ կերպ չենք կարող գտնել տրամաբանություն և իրականություն այդ թվերի հետևում:
Այս հարցերին անդրադարձել է նաև որոշակի շրջանակներում հայտնի ամերիկացի սոցիոլոգ Չարլզ Միլսը: Նա ուսումնասիրում էր ամերիկյան սոցիոլոգիական պրակտիկան: Միլսը կոչ էր անում նայել, թե ինչն է համարվում խնդիր, ինչին է ուղղված ուսումնասիրությունը: Նրա կարծիքով ամերիկյան սոցիոլոգիական հետազոտությունների հիմքում պրոբլեմ է համարվում այն, ինչը պրոբլեմ է այսպես կոչված «մի հարկանի» կամ գյուղական Ամերիկայի միջին դասի մարդկանց համար: Այսինքն կամայական դեպքում, երբ մենք հետազոտություն ունենք, մենք նաև դիտանկյուն ունենք, և մեր դիտանկյունը ելնում է այն խմբի շահերից, որի շրջանակներում էլ կարևորվում է այդ հարցը: