Play Video
Վահե Արսեն. Դեպի Անքնությունը քո…

կեսգիշերը մի զինվոր է,
պատերազմի ավարտին սպասող…
երազի մեջ երազ, գիշերվա օդը բռնկուն է դառնում,
երբ գիշերը խտանում է նրա մեջ,
և զուգահեռը չի տեսնում երկվորյակին իր…

ես շտապում էի դեպի անքնությունը քո…
տանիքների կավե տրաքոցների ներքո,
քաղաքը ճերմակող աստղ ձեռքիս մեջ,
ձեռքս փոշեկուլն է գիշերվա,
ես տարերք` տափաստանում շիկացող,
ամենակուլ և միատարր,

մի՞թե երգը իմ ճանապարհին է ծնվում…

գետնանցումի վերում կանգնած, ինպե՞ս լսել
ձայնը հողի,
ինչպե՞ս վարվել ճիշտ…

ես շտապում էի դեպի անքնությունը քո…
շտապում էի բոկոտն,
բանալիների անցքերից լցվում ներս,
հեղեղում տներ և ճակատագրեր,
ակոսի մեջ արմատ խրում…
զիգզագվում…
և չէի տեսնում երվորյակին իմ…

ես շտապում էի դեպի անքնությունը քո,
օդափոխիչների հիվանդ շնչառության ներքո,
մինչև անտառը վերջնական հանգրվանի և
մարդկային կախվածության ձեռնամարտը ունայն,
ես չէի տեսնում երկվորյակին իմ…
մենք քաղաքը արմատախիլ արեցինք,
թերթով փաթաթած մի ծիլ վերցրինք նվազ և
խրեցինք փոսի դատարկության մեջ…

ես շտապում էի…
մենք շտապում էինք դեպի անքնությունն իրար…
այգու մեջ խնձորներ էին տրաքվում մերկ հողին,
տրաքվում էին մինչև ճշմարտացումը ամենի…
տրաքվում էին մեզ ընդառաջ,
ես Աստվածն եմ,
մենք էինք Աստվածը,
…և չէի տեսնում երկվորյակին իմ,
և շտապում էի դեպի անքնությունը քո…

Դիտեք նաև՝

Search