Play Video

ես մտածում եմ
սիրտս երբեք չի եղել
այսպես
կարմիր ու տաք

զգում եմ
այս մահածին գիշերվա
ամենամութ պահերին
արևի հազարավոր աղբյուրներ են բխում
սրտումս
անկասկած

զգում եմ վհատության այս աղուտի
ամեն մի անկյունում
հազարավոր զվարթ անտառներ են
ծլում հողից
հանկարծ

ով դու կորած վստահություն
ով խուսափուկ ձուկ
իրար մեջ արտացոլված հայելիների ճահճում
ես պարզ մի լճակ եմ
հիմա սիրո կախարդանքից
հայելիների ճահճուտներից մի ելք գտիր դեպ ինձ

ես մտածում եմ
երբեք չի եղել իմ ձեռքը
այսպես մեծ ու ուրախ

զգում եմ աչքերիս մեջ
մի երգի անխավար արևն է շողում
կարմրագույն արցունքի ջրվեժի փոխարեն

զգում եմ
իմ ամեն մի երակում
սրտիս զարկերի հանգույն

հիմա
մի-մի քարավանի արթնության
զանգակներ են զնգում

մի գիշեր
դռնից ներս մտավ նա
մերկ
նման ջրի ոգուն
կրծքում երկու ձուկ
ձեռքին հայելի
թաց վարսերը մամռաբույր
մամուռի պես խռիվ

ես վհատության շեմից գոռացի
ով գտած վստահություն
ես քեզ ձեռքիցս բաց չեմ թողնելու…

Դիտեք նաև՝

Search