Play Video

Ես Քո նշաններին հետևելով գնացի
ու գտա Պորտ լեռան կաթնաղբյուրը,
խմեցի իմ տարողության չափ Քո խորքը՝
ստինք-երկրի ծուծքով օծուն,
ու ծիլս բար եկավ:

Հասկացա ինչ որ եղել էր – արձակեցիր.
ազատվելու պես էր դատարկվելս,
լցնելու շնչով ներխոսեցիր – ինչ լինելու է.
ճաքճքեցի – քեզնով ներծծվելու համար:

Եվ հիմա
մերկ եմ ու չեմ մրսում,
ունեմ ու չեմ վախենում,
ներում եմ ու չեմ տառապում,
ուտում եմ ու չեմ ոչնչացնում,
տալիս եմ ու չեմ պարտավորում,
հեռանում եմ ու չեմ լքում,
բարակում եմ ու չեմ կտրվում,
հոսում եմ ու մնում,
գնում եմ ու չեմ գուշակում
ջրի ճանապարհը:

Դու՝
ներառյալ ես,
անմասելի –
Է:
Երբ ցավում եմ, դու գիտես,
խոսում եմ հետդ՝ ալիքներդ հանդարտվում են,
սիրում եմ՝ փափուկ ես դառնում,
սուզվում եմ՝ խայտում ես,
քո մեջ աստղերի արտացոլքն եմ որսում՝
խանդում ես, գժվում ես փոթորկած,
շնչում եմ՝
ծաղկում ես իմ չտեսած ափերումդ,
գիտե՜մ:

Կեսգիշերի մթնում,
երբ միմյանցից թաքուն արթուն ենք,
դու ալիքվում ես դեպի լուսինը,
ու ես երգ եմ գրում:

Ես
աստղերին վերադառնալու
քո տենչանքն եմ:

Դիտեք նաև՝

Search