Play Video

Գիշերը պատռվում է և ծնում մի նոր
ու հին Արև,
Արևը՝ կորսված արահետներ,
որ մանկական կոշիկ են ինձ համար,
հեքիաթից պոկված խաղալիք-մեքենա,
կամ էլ իրական կենսագրություն՝
մաշկիցս ամուր կառչած:

Օրավարձով աշխատողների
մթնած շարքերում
ես կրկին ասպետներ եմ որոնում՝
քթանցքներումս զգալով խունացած
թղթադրամի մաշված բուրմունքը:

Շրջանցիր դուռը, եթե այն
օդում է կախված,
կամ էլ բաց է կրնկի վրա…
Շրջանցիր կյանքը, թե մեռնողի ներսում
միայն խավարն է…

Ես և էշ հեծած իմ զինակիրը
կարո՞ղ ենք փրկել երևակայական
մի գեղեցկուհու,
փրկել նրան
խախտելով ճակատագրի
անտեսանելի սցենարը
չպլանավորված սովորական մի օր
փրկել
հանուն սիրո,
որը նրան այլևս պետք չէ…
ժամանակավրեպ…
զրահապատ սավանի տակ ննջող,
Հանուն սիրո

Դոն Քիշոտ, իմ հուսահատության ընկեր,
մենք այդպես էլ չհանդիպեցինք,
ես շատ ուշ ծնվեցի,
դու այդպես էլ չծնվեցիր,
դառնալով տառ ու հերոս:
Դոն Քիշոտ, քո վիրտուալ կամուրջներով
ետ պտտիր հողմաղացները ժամանակի,
դու գիտակցում էիր խելագարությունը քո և իմ,
քո աչքը տեսնում է
պտույտները աշխարհի,
թույլ տուր համտեսել-զգալ
գետի ընթացքը հակառակ…

թե՞ սա զուտ պատճառ է,
Արևը տեսնելու պատրվա՞կ…

Ես ուշացա մի քիչ,
և գետը դարձավ առօրյա մի հոսանք.
սովորական-ծանոթ հեռախոսազանգ.
դարձավ (իրական)…

Որսա՛ պահը,
գետը միշտ անշարժ է,
հողին ամուր կառչած,
հավատարիմ՝
ի տարբերություն…
Ինձ
և
Քեզ
և
քաղաքի…

Էլեկտրալամպով լուսավորված գիշերում,
քաղաքը հարդարում է իր քաղաքական
մռութը՝
այն դարձնելով դիմագիծ…
ժամանակի գալարվող
հայելիում ափով ծածկում աստղը ընկնող,
միգուցե վերջինը այս գիշեր,
ճակատագրական,
որ կյանք կտևի, թե անձրևի
երկուսիս գլխին միաժամանակ…

ժամանակը չեզոք էր մեր նկատմամբ,
նույնիսկ անտարբեր…

ժամանակը հենց քաղաքն է,
ժամանակը ես եմ,
երբ անցնում եմ կամրջի վրայով:

Դիտեք նաև՝

Search