Play Video
Մհեր Արշակյան

Մահը կգա…

Մահը կգա… Դուռը չի ճռնչա, հողը
չի ծանրանա ի վերա ստվերների,
քամիներն իբրև անհարկի գողոն
ետ կշպրտեն կապույտն օրվա՝ առանց երկինք:

Մահը կգա… Մեկն էլ չի վկայի նրան,
մի կաթիլ էլ կքամվի ամենօրյա աջից
շարունակելու գինին և պարապը արյան՝
ասես Ողջի աղոտ առասպելը հնչի:

Մահը կգա… Չնայելով, թե ուր, կմտնի նույնիսկ
բացառելով լինելիքը, չիմանալով իմացվելիքը, մահը
կգա արդեն հնչած կրակոցից, արդեն խմված թույնից
առաջ, գուցե կասկածելով կամ քմահաճ,

չուզենալով հասնել, քանի դեռ չկան
լռելու բառերն ապրողների բերնում,
կգա ինչ-որ մեկի համար գուցե որպես խճանկար
արդեն անվերադարձ ուրիշի մահվան բեմում:

Մահը կգա, տղերք, կգա, չհամառենք,
թեկուզ որպես մեկ բառ երկար մի ստիխի,
և կամ թեկուզ որպես ժառանգ նրան համարենք,
մահը կգա, ուշ թե շուտ՝ էն գլխից:

Մահը կգա… Հետին մի տեսիլքով հղի
փողոցների ստորոտներից մինչև տանիք
ինքնալքումի մի պարզ պտույտ կգծի-ուղիղ,
բաշխելով ելքը անծայր հանգրվանի:

Կգա որպես տեղանք, որպես սկիզբ
անցած գնացած մի հարության,
և հարակից լեզվով արարված մի ասքին
շարունակություն կտա առանց բառ ու բան:

Կգա բազում ապրողների, գուցե մեռելների միջով՝
համոզվելու համար, որ կանք,
որպես տեսանողի տեղանշան՝ իջնող,
չտեսնողի անցնելիք խորք կամ

գործնական հորիզոն գիշերների:
Որպես ընկած վաղվա բերանն ընկած սելավ
մահը կգա գուցե սոսկ մուրալու դերն իր՝
ամեն հաջորդ կյանքին կյանք ասելով…

Դիտեք նաև՝

Search