Play Video
Կարեն Անտաշյան. Բույն

Բույն

Իմ մատից փուշ կհանեմ, քո հյուսից մազ կքաշեմ,
մեզ համար բույն կհյուսեմ,
նանիկս:

Ինքնիշխան երազապետություն –
հասցեն՝
Գարնան դողդոջ անձրև,
ծաղկած դեղձենիների թավուտ, կամ –
Գնացքների գերեզմանոց,
նախկին Երևան-Վան վագոն, կամ –
Ծիլի-Ծով, եղեգնյա փողերի ծոց, կամ –
Մերտուն:

Ես բույն կհյուսեմ մեզ համար – այնպիսին,
որի բոլոր կռնակները, բռնակները, դռնակները,
անկողինները, բազրիքներն ու հատկապես պատուհանագոգերը
սիրո հարմար կլինեն, նանիկս:

Բույնն՝ իբրև արթնանալու ամենահրաշալի վայր,
բույնն՝ իր առավոտվա
թարխունա-թեյա տաք բնահոտով:

Չէ՞ որ
կրկնվելու չափ դանդաղ թերթվող օրերի էվոլյուցիան
առաջ են տանում աշխարհի բոլոր բնակյալները, որ
շնչելու ժամանակ չունեն, հոգնելու ժամանակ չունեն,
ապրելու ժամամանակ չունեն և, հատկապես,
ժամանակ չունեն մասնակցելու
ընթացիկ բոլոր հեղափոխություններին:

Այս գարնանը,
որ ոչ մի կերպ չի ուզում բաց թողնել
իր բնաստեղծության տարիքը,
ես բույն կգրեմ մեզ համար, նանի՛կս,
իբրև հավերժական ժամադրավայր,
ուր ամեն ինչ առաջին ու վերջին անգամ է լինում:

Ես բու պապա, դու մամա բու, մի բուն լիքը բու-բվեճ՝
իր հարակից լվացքի անվերջանալի պարանով,
որից կախ կգիշերի քոռ բուերի մեր ընտանիքը՝
շարված ըստ հասակի, փռչոտության աստիճանի,
գույնի ու նշանակության:

Վախ, դեռ ինչքան ջրեր են հորդելու մեզանից,
նանի՛կս:

Դիտեք նաև՝

Search