Play Video
Համընդհանուր սեր. Ահմադ Շամլու. թարգմ՝ Ռազմիկ Ամիրխանյան

արցունքը գաղտնիք է
ժպիտը գաղտնիք է
սերը գաղտնիք է

այն գիշերվա արցունքը ժպիտն էր սիրուս

հեքիաթ չեմ որ պատմես
մեղեդի որ երգես
շշուկ որ լսես
մի բան որ տեսնես
իմանաս

ես միասնական ցավն եմ
ճչա ինձ

ծառն անտառի հետ է խոսում
խոտը դաշտի
աստղը տիեզերքի
և ես քեզ հետ եմ խոսում

անունդ ինձ ասա
ձեռքդ ինձ տուր
խոսքդ ինձ ասա
սիրտդ ինձ տուր

ես ըմբռնել եմ քո արմատները
քո շուրթերով զրուցել եմ բոլոր շուրթերի հետ
ու ձեռքերդ ճանաչում են իմ ձեռքերը

լուսավոր մենության մեջ արտասվել եմ քեզ հետ
ողջերի համար
և խավար գերեզմանատնում քեզ հետ երգել եմ
ամենագեղեցիկ երգերը
որովհետև այս տարվա մեռելները
ամենասիրահարված ողջերն են եղել

ձեռքդ ինձ տուր
ձեռքերդ ճանաչում են ինձ
քեզ հետ եմ խոսում ով ուշ գտած
ինչպես ամպը փոթորկի
ինչպես խոտը դաշտի
ինչպես անձրևը ծովի
ինչպես թռչունը գարնան
ինչպես ծառն է խոսում անտառի հետ

որովհետև ես
ըմբռնել եմ քո արմատները
որովհետև իմ ձայնը
ծանոթ է քո ձայնին

Դիտեք նաև՝

Search