Ինչպե՞ս է այդ սպիտակուցը վարակ առաջացնում՝ տարածվելով ինֆեկցիայի տեսքով և լուրջ, նեյրոդեգեներատիվ, այսինքն՝ ուղեղը վնասող հիվանդության պատճառ հանդիսանում: Իրականում այդ սպիտակուցը, որին անվանեցին պրիոն (PRP), նորմայում կա բոլորիս մոտ, մեր նեյրոններն այդ սպիտակուցը իրենց թաղանթի մակերեսին ունեն և այդ սպիտակուցը՝ որպես ռեցեպտոր, նրանք օգտագործում են հաղորդակցման համար այլ նեյրոնների հետ: Սակայն մի մուտացիայի պատճառով այդ սպիտակուցն իր տարածական կառուցվածքը փոխում է, նորմալ ռեցեպտորային կառուցվածքը այլևս չի լինում, և նոր տարածական կառուցվածք ձեռք բերելուց հետո եթե նա փոխազդում է այն նորմալ պրիոն սպիտակուցների հետ, նրանց էլ է ստիպում, որ նրանք էլ իրենց տարածական կառուցվածքը փոխեն և դառնան իրենց նման: Դրանք էլ իրենց հերթին փոխազդում են այլ նորմալ պրիոն սպիտակուցների հետ: Փոխազդեցության արդյունքում վերջիններս նույնպես իրենց տարածական կառուցվածքը դարձնում են աննորմալ պրիոնային կառուցվածք…
…պարզվում է, որ այդ սպիտակուցները կարող են աննորմալ տեսք ստանալ և տարածել իրենց աննորմալ տեսքը տարբեր տեսակների մոտ՝ և՛ ոչխարների մոտ, և՛ մարդկանց: Իսկ 1990-ականների կեսերին, երբ Մեծ Բրիտանիայում տարածվեց կովերի կատաղություն հիվանդությունը, որի պատճառով հարյուր հազարավոր կովեր Մեծ Բրիտանիայում սպանվեցին, որպեսզի այդ վարակը կանխեն, պարզվեց, որ կովերի կատաղության պատճառը կրկին այս սպիտակուցներն էին՝ պրիոնները: Այդ ժամանակ Մեծ Բրիտանիայում ֆերմերներն օգտագործում էին էժան սնունդ, որն իր մեջ ներառում էր նաև մահացած կովերի ոսկորների փոշին: Պարզվեց՝ կային կովեր, որոնք ունեին այդ պրիոնները, նրանց ոսկորների փոշու մեջ այդ սպիտակուցները մնացել էին, և երբ ֆերմերները իրենց առողջ կովերին կերակրում էին, այդ պրիոնը անցնում էր մեկ կովից մյուսին և վարակում: Այսպիսով պարզվեց, որ ինֆեկցիան, վարակը կարող է տարածվել և վարակի տարածման պատճառ կարող են հանդիսանալ ոչ միայն այնպիսի օրգանիզմներ կամ կառուցվածքներ, ինչպիսիք են վիրուսները, որոնք ունեն նուկլեինաթթու, կամ բակտերիաները, որոնք նույնպես ունեն նուկլեինաթթուներ, ԴՆԹ կամ ՌՆԹ, որտեղ գրված է ամեն ինչ, կա ամբողջական ինֆորմացիա, թե ինչպես պետք է վարակել, ինչպես պետք է բջիջ մտնել, ինչպես պետք է ինքն իրեն վերարտադրել, այլ կարող են վարակ առաջացնել հասարակ սպիտակուցները, որ տարածական սխալ կառուցվածք է ստանում և այդ սխալ կառուցվածքի ինֆորմացիան տարածում է մյուս սպիտակուցների վրա…