Play Video
Թեմա 2. Մոլեկուլային կենսաբանությունը մինչև ԴՆԹ մոլեկուլի կառուցվածքի բացահայտումը. Հովակիմ Զաքարյան

1860-ականներին, երբ դեռ Դարվինը ողջ էր և պանգենեզի տեսությունն էր առաջ քաշում, Անգլիայից ոչ շատ հեռու՝ Եվրոպա մայրցամաքի վրա՝ Չեխիայի Բռնո քաղաքում, մի վանական սկսեց իր աշխատությունները: Գրեգորի Մենդելը, որ այդ վանականն էր, եկեղեցու հետնամասում գտնվող իր այգում աճեցնում էր ոլոռ: Եվ ոլոռ աճեցնելը՝ իբրև հոբբի, դարձել էր նրա ուսումնասիրությունների առարկան, քանի որ ոլոռի արտաքին հատկանիշները, որոնք կարելի էր զուտ տեսողական մակարդակով տարբերել, բավականին հետաքրքիր էին և երկար սերունդների ընթացքում խաչասերելիս այդ հատկանիշները պահպանվում էին: Դրանք էին ոլոռի գույնը, սերմերի հարթ կամ կնճռոտ լինելը և մի շարք այլ հատկանիշներ, որոնք Մենդելը ուսումնասիրում էր և հետևում, թե ինչպես են այդ հատկանիշները ժառանգվում նոր սերունդներին: Կատարում էր զուտ վիճակագրական աշխատանք. վերցնում էր դեղին ու կանաչ գույնի ոլոռ, խաչասերում և տեսնում էր՝ առաջին, երկրորդ, երրորդ սերնդում ինչ գույնի ոլոռներ են առաջանում: Եվ ահա այս շատ պարզունակ աշխատանքները կատարելով՝ նա նկատեց, որ հատկանիշների ժառանգումը ենթարկվում է մաթեմատիկական վիճակագրական որոշակի օրինաչափությունների: Նա նկատեց, որ երկու տարբեր հատկանիշների խաչասերման դեպքում (առաջին սերնդում առաջացած) միշտ ի հայտ է գալիս երկու հատկանիշներից միայն մեկը: Ոլոռի դեպքում, եթե դեղին և կանաչ գույնն էր խաչասերվում, ապա առաջին սերնդում միշտ դեղին գույնի ոլոռ էր առաջանում, և հետո այդ դեղին գույնը խաչասերելով իրար հետ՝ երկրորդ սերնդում առաջանում էին նաև կանաչ ոլոռներ: Վիճակագրական հաշվարկներն անելուց հետո նա հատկանիշների ժառանգման երեք օրինաչափություն դուրս բերեց, որոնք հենց ժառանգականության, հատկանիշների ժառանգման օրենքներ կոչվեցին՝ Մենդելի երեք օրենքներ: Ցավոք, այդ օրենքները մոռացության մատնվեցին շուրջ քառասուն տարի, և Մենդելը, այդ աշխատանքները տպագրելով չեխական մի պարբերականում, ավելի ուշ թողեց այդ աշխատանքները և շարունակեց զբաղվել իր կրոնական աշխատանքներով:

1900թ. գիտնական Հյուգո դե Ֆրիզը վերաբացահայտեց Մենդելի օրենքները: Բոլորովին այլ բուսատեսակների վրա նա ցույց տվեց նույն այդ ժառանգման օրինաչափությունները, ինչն արդեն կատարել էր Մենդելը: Հետագայում արխիվները փորփրելով՝ նրանք տեսան, որ իրենցից դեռևս 40 տարի առաջ նույն այդ օրինաչափությունները բացահայտել է չեխ մի մարդ, որն անգամ գիտնական չէ, և որն ինքնասիրության համար մեծ հարված էր՝ կրոնական էր, ով արել էր նույնը, ինչ նրանք: Սակայն, ի պատիվ Հյուգո դե Ֆրիզի, նա այդ օրինաչափությունները՝ հատկանիշների ժառանգման օրենքները, անվանեց հենց Մենդելի անվամբ՝ Մենդելի առաջին, երկրորդ և երրորդ օրենք…

Դիտեք նաև՝

Search