Վերջին շրջանում քաղաքագիտության ոլորտում հրապարակված տարբեր հետազոտություններ ցույց են տվել, որ գրանցվել է պոպուլիզմի զգալի աճ: Այդ հետազոտություններում հստակ արձանագրված է, որ պոպուլիստական դիսկուրսներն ընդհանուր առմամբ զգալի տեղ են գրավում համաշխարհային մեդիատիրույթում:
Ըստ The Guardian պարբեականի և Team Populism նախաձեռնության իրականացրած և վերջերս հրապարակված հետազոտության, 2004 թվականից սկսած մինչև վերջին տարիներն ընկած ժամանակահատվածում կրկնապատկվել է պոպուլիստ առաջնորդների կողմից ղեկավարվող երկրների քանակը:
Տարբեր միջազգային հարթակներից հաճախ խոսվում է այն մասին, որ պոպուլիզմի աճը շատ լուրջ վտանգ է ժողովրդավարության համար: Հարց է առաջանում՝ ինչո՞վ է այս ամենը պայմանավորված, որո՞նք են պոպուլիզմի ալիքի դրդապատճառները և ի՞նչ հետևանքներ են կարող դրանք ունենալ:
Ենթադրվում է, որ մարդիկ գիտեն՝ ինչ է պոպուլիզմը և ի վիճակի են ադեկվատ կերպով ընկալել այն ինֆորմացիան, որը տրվում է ակադեմիական ոլորտի շրջանակների կամ մեդիատիրույթի կողմից: Պոպուլիզմի վերաբերյալ շատ տարբեր մոտեցումներ կան, սակայն չկա հստակություն: Առօրեական դիսկուրսում առկա ընկալումները խիստ տարբերվում են ակադեմիական շրջանակներում առկա ընկալումներից: Հայաստանում այս տարբերությունը հատկապես վառ ընդգծված է. մեր երկրի քաղաքական շրջանակներում ավելի տարածված են առօրեական, քան ակադեմիական ընկալումները:
Ի՞նչ են Հայաստանում և աշխարհում հասկանում պոպուլիզմի տակ. պոպուլիզմն անիրականանալի, ժողովրդահաճո, ամբոխահաճո, չհիմնավորված խոստումներ տալու կամ բարդ խնդիրներին պարզ, էմոցիոնալ լուծումներ առաջարկելու քաղաքական վարքը կամ քաղաքականությունն է:
Քաս Մուդը (Cas Mudde) նշում է, որ այն, ինչ հիմնականում կոչում են պոպուլիզմ, ավելի ճիշտ կլինի անվանել կամ դեմագոգիա, կամ, որոշ դեպքերում, օպորտունիզմ:
Պոպուլիզմ հասկացությունը լայն շրջանառության մեջ է մտցվել 19-րդ դարի վերջերից՝ 1892 թվականին: Միացյալ Նահանգներում հիմնադրվել է Պոպուլիստական կուսակցությունը (Populist Party): Այն մարտահրավեր է նետել երկու հիմնական կուսակցություններին և, շատերի համոզմամբ, ի վիճակի էր լինելու ջարդել այդ երկկուսակցական համակարգը, սակայն նրանց չհաջողվեց հասնել դրան. 1896 թվականին Դեմոկրատական կուսակցությունը կլանեց Պոպուլիստական կուսակցությանը:
20-րդ դարում պոպուլիզմն իր բովանդակությամբ ենթարկվեց որոշակի վերափոխումների: Արգենտինացի հետազոտող Էռնեստո Լակլոն նշում էր, որ պոպուլիզմը քաղաքականի կառուցման ճանապարհ է, ինչից պարզ է դառնում, որ Լակլոն բացասական երանգ չի տալիս այս հասկացությանը. պոպուլիզմը ժողովրդավարության բաղկացուցիչ մաս է, առանց որի հնարավոր չէ, և ժողովուրդն իր կամքն է իրացնում և դրանով ձևակերպում քաղաքականը, քաղաքական դաշտը, և այլն: