Միֆը ժամանակակից մարդու գիտակցության մի մասն է, որը որոշակի վարք է ենթադրում, քանի որ այդ միֆն ազդում է նաև հասարակական և քաղաքական շարժումների, որոշումների, սպառողական վարքի և այլ դրսևորումների վրա:
Միֆ բառն ասոցացվում է շատ ավելի խորը, արխայիկ մի երևույթի հետ, որը հայտնի է մեզ դիցաբանությունից: Միևնույն ժամանակ այն շատ է տարբերվում դիցաբանական միֆից:
Կարելի է օգտվել միֆի հետևյալ սահմանումից. միֆն արհեստականորեն ստեղծված գաղափարական մի համակարգ է, որի գլխավոր նպատակն է մարդու մոտ ստեղծել թյուր պատկերացում իրականության մասին կամ կեղծ գիտակցություն: Սա բավական լայն սահմանում է, որը չի կարելի օգտագործել գիտական աշխատության մեջ, բայց կարելի է ընդունել որպես աշխատանքային սահմանում:
Մի շարք հեղինակներ սկզբունքային բան են նշում դիցաբանական միֆի և ժամանակակից միֆի տարբերությունների մեջ: Հին՝ դիցաբանական միֆը դուրս էր որևէ տրամաբանությունից. այն նախատրամաբանական երևույթ էր: Բացի դրանից, միֆերի ամենահայտնի ուսումնասիրողներից մեկը՝ Ռոլան Բարտը, նշում էր, որ հնագույն միֆը նախնադարյան մարդու միակ իրականությունն էր: Կարոր է նշել նաև, որ ժամանակակից միֆը միակ իրականությունը չէ. այսօր աշխարհում կա արվեստ, գիտություն, կրոն, փիլիսոփայություն, գաղափարախոսություն և միֆ:
Որպես գաղափարական համակարգ, որը ստեղծվում է արհեստականորեն և տարածվում զանգվածային գիտակցության մեջ, միֆը մի քանի խնդիր ունի: Հետազոտողները համաձայնության են եկել այն հարցում, որ դրանք երեքն են. ժամանակակից միֆը նկարագրում է իրականությունը, արդարացնում է իրականությունը, արժևորում է իրականությունը (խոսքը սոցիալական իրականության մասին է): Հնագույն միֆն էլ ուներ իրականությունը բացատրելու գործառույթ, բայց չուներ արդարացնելու և արժևորելու գործառույթ:
Հայաստանում նախորդ իշխանությունները ձևավորել և զանգվածային գիտակցության մեջ տարածել էին մի շարք միֆեր, որոնցից կարելի է առանձնացնել կայունության միֆը: Կար կայունության ապահովման պատրանք, որը տարածվում էր իշխող կուսակցության կողմից տարբեր ԶԼՄ-ների միջոցով: Հասարակության մոտ ստեղծվել էր այն պատկերացումը, որ եթե չլինի այս կուսակցությունը, Հայաստանում կայունություն չի լինի: