Play Video
Ադամ Սմիթ․ մերկանտիլիզմի վախճանը՝ խաղաղության գրավական | Դավիթ Իսաջանյան

Շոտլանդացի ականավոր մտածող, սկովտական լուսավորության կարկառուն ներկայացուցիչ, քաղաքատնտեսության ու դասական տնտեսագիտության հոգեհայրը համարվող տեսաբան Ադամ Սմիթը ծնվել է 18-րդ դարասկզբի Շոտլանդիայում՝ 1723 թվականին, ու ապրել է մինչև դարավերջ՝ մահանալով 1790 թվականին։ Սմիթի առաջին երկը նրա կոթողային «Բարոյական հույզերի տեսություն» աշխատությունն է, որ լույս է տեսել 1759 թվականին, բայց, իհարկե, իր մեծ հռչակին նա պարտական է իր երկրորդ աշխատությանը՝ «Ազգերի հարստության բնույթի և պատճառների մասին ուսումնասիրությանը», որ լույս է տեսել 1776 թվականին։ Սմիթը, իհարկե, նախևառաջ հայտնի է բնական ազատության և ազատ շուկայի իր գաղափարներով, որ դասական տնտեսագիտության հիմնասյուներն են այսօր։ Սա, սակայն, չի նշանակում, որ նա այլ թեմաներով չի գրել։ Գրել է, այն էլ շատ, և այդ թվում՝ նաև միջազգային հարաբերությունների բնույթի ու պատերազմի էության մասին։

Պատերազմի շուրջ նրա խոհերը մեկնաբանելու համար պետք է փորձել պատասխանել երկու հարցի․ մեկ՝ կարելի՞ է նրան համարել ազատական միջազգայնականության՝ լիբերալ ինտեռնացիոնալիզմի հիմնադիրը, քանի որ տեսակետ կա, որ Սմիթը համարել է, թե կարելի է հասնել միջպետական երկարատև համերաշխության համաշխարհային առևտրի միջոցով։ Երկրորդ՝ ինչպե՞ս է Սմիթը վերաբերվել պատերազմին՝ դրակա՞ն, այն է՝ մի բանի, որ ենթակա չէ վերացման, թե՞ բացասաբար, պատերազմը կյանքի մշատակա ու մշտապես ներկա փա՞ստ է համարել՝ իր համերկրացի Ադամ Ֆերգյուսոնի պես, թե՞ հարել այլ տեսակետի ։

Անխախտ ճշմարտություն է, որ Սմիթը պատերազմին փորձել է նայել իրատեսության դիրքից, բայց կարելի՞ է արդյոք նրա այդ մոտեցումից եզրակացնել, որ պատերազմը, նրա գնահատմամբ, պատկանում է կյանքի մշտակայուն այն փաստերի թվին, որոնց հետ ոչինչ չես կարող անել համակերպվելուց բացի։ Օրինակ՝ կան հեղինակներ, որ պնդում են, թե Սմիթը խաղաղության նվիրյալ էր ու պատերազմի ոխերիմ թշնամի, բայց նաև ընդունված մի տեսակետ կա, որ իբր Սմիթի համար պատերազմը միշտ էլ եղել է ազնվագույն արվեստ, իսկ հայրենասիրական ու հերոսասիրական մարտական սխրանքները՝ գովասանքի ու հիացմունքի արժանի արժեքներ։ Երկու մոտեցումներն էլ ճիշտ են հավանաբար, բայց կարծել, որ նա չի հակադրվել պատերազմին, չի կարող ակամա նշանակել, որ պատերազմը համարել է կյանքի ու մարդկային գոյության անքակտելի բաղադրիչ։ Սմիթի բնագրերից միանգամից պարզ է դառնում, որ պատերազմի հանդեպ նրա վերաբերմունքն արտահայտված բացասական է ու ի թիվս այլ պատճառների՝ նախևառաջ որովհետև նա՝ որպես գեր ի վերո տնտեսագետ, կարծում է, որ պատերազմը չափից դուրս թանկ և հուսկ ծախսատար արկածախնդրություն է։ Պատերազմի ծախսատարությունը (իսկ այդ ծախսերը հոգում է հանրությունը), նաև ավելի է բարդացնում հանրային պարտքի ծանր խորշոմը։

Սմիթի գերնպատակը մեկն է՝ ինչպես հասնել հարստության տարածմանն ու աղքատության վերացմանը, և երկրորդ՝ ինչ անել ընդդիմահարության՝ կոնֆլիկտի հետ, որ նա ատել է՝  համարելով հանդերձ, սակայն, որ ընդհարականությունը մարդու միեղին՝ ունիվերսալ հատկանիշներից է։ Սմիթն, այո՛, անթաքույց ատել է ընդդիմահարության ու հասարակական աններդաշնակության բոլոր եղանակները, մասամբ որովհետև կարծել է, որ անձնական երջանկության հոմանիշը անդորրավետությունն է։ Հանրության անդորրը, նույնն է թե՝ երջանկությունը, էլ ավելի մեծ մտահոգություն է, քանի որ հասարակության խաղաղությունն ու հասարակական կարգը շատ ավելի կարևոր առաջնահերթություններ են, քան, ասենք, թշվառության ու աղքատության վերացումը հասարակությունից ու աղքատների վիճակի բարվոքումը։ Իսկ խաղաղությունն ու բարօրությունը սնվում են մեն մի աղբյուրից՝ազատ առևտրից։ 

Խաղաղությունը ցանկալի է, որովհետև խաղաղությունը տնտեսական բարգավաճման հասնելու անհրաժեշտ պայմաններից է, մանավանդ որ պատերազմն ու միջպետական պառակտությունը խաթարում են առևտրի անարգել գործառնությունը։ Պետությունների միջև տարաձայանության բոլոր տեսակներն էլ անցանկալի են ու վնասակար առևտրի համար ու նվազեցնում են հանրային բարեկեցությունը։ Միգուցեև կան առևտրային սահմանափակության տեսակներ, որ անհրաժեշտ են անվտանգային առումով, բայց դրանք՝ այդ սահմանափակությունները, միայն ավելի են խորացնում պետությունների միջև առկա փոխադարձ խանդն ու թշնամանքն ու վնաս են հասցնում տնտեսական բարգավաճությանը։

Սմիթն, իհարկե, հասկացել է, որ առևտուրը չի կարող վերջ դնել պատերազմի սպառնալիքին։ Պատերազմը միգուցեև ոչ ռացիոնալ քայլ է բոլոր այն դեպքերում, երբ խաղաղասիրական ու փոխներգործող առևտուրը հնարավոր երկընտրանք է, բայց Սմիթը քաջ գիտակցում է նաև, որ մարդը ոչ միայն բանական, այլև հուզական ու ոչ բանական արարած է, որ մարդկային ագրեսիան կարող է լինել անկառավարելի և որ ազգային թշնամանքը կարող է բռնկվել ցանկացած պահի։ Հարկ է նշել, սակայն, որ նա պատերազմը համարում էր մերկանտիլիզմի պտուղը, և ոչ թե մարդկային հարաբերությունների ակամա հետևանքը։ Եթե առևտուրը միջպետական բարիդրացիական հարաբերությունների առաջացման աղբյուրն է, ապա նույն այդ առևտուրը՝ մերկանտիլիզմի սոսկալի ազդեցությամբ պայմանավորված, մերկանտիլիզմի, որ միայն շատացնում է ազատ առևտրի վրա դրված սահամանափակությունները, հիմա դարձել է պետություններ թշնամանքի ու անհամաձայնության աղբյուրը։ Պատերազմը, ուրեմն, արմատախիլ կլինի, եթե արմատախիլ արվի մերկանտիլիզմը, ինչպես նաև՝ Բրիտանիայի կայսերականությունը, որ Սմիթը համարում էր մերկանտիլիզմի հետևանք։ Մերկանտիլիզմի վախճանով է, որ աշխարհում իր տիրապետությունը կհաստատի զարգացումը ու կստեղծվի միջազգային ազատ առևտրի համար նպաստավոր միջպետական պատշաճ համակարգ։

Դիտեք նաև՝

Search