Play Video

Սենյակում միայն փամփշտախոռոչի ծուխն է,
սենյակները երբեք ավարտուն չեն,
սենյակը մշտապես մեկ այլ սենյակ է թաքցնում…
հրամցնում…

բանալով փակվող դուռն է երջանկությունը
ավարտվում է իշխանությունը սենյակների…
ավարտվում է իշխանությունը…
ավարտվում է…

ժողովուրդը վազում էր ավտոբուսի հետևից,
և երազում աթոռատեղիի մասին…

մենք շարժվեցինք դեպի լիճը վաղորդյան
ցասումը մեր հագեցնելու համար
շնչառությունը ուրվական է արարում
շնչառությունը մեր հատում է մարմինները դիմահար
մենք մրսում ենք…

ժողովուրդը վազում էր ավտոբուսի հետևից,
և երազում…

ծանոթ տեղանքները նահանջում են,
դիմափոխվում, և փողոցն առօրյա դառնում է օտար
դառնում է նույն ուրվականը փախչող
նահանջող…

ժողովուրդը վազում էր ավտոբուսի հետևից,
և…

ուրվականը ձևափոխվեց լքված կամուրջի
կանաչով ծաղկած լքված շինության
բառը դուրս է գալիս իր ափերից դառնում
շնչառություն
ուրվական
շարժում

ժողովուրդը վազում էր ավտոբուսի հետևից…

սառույցը մեր հիվանդությունն է
խրոնիկ-անբուժելի
դողերոցք ամառվա կեսօրին
քամուն սովոր քարակամար
քամին նույն ուրվականն է ծանակող
դաժան
անորոշ

ժողովուրդը վազում էր…
և օրերի մեջ հասնում աթոռատեղիին…

սենյակում միայն փամփշտախոռոչի ծուխն է…
սենյակները երբեք ավարտուն չեն…
սենյակը մշտապես մեկ այլ սենյակ է թաքցնում…

Դիտեք նաև՝

Search