եղևնիների մեջ կորած տղամարդդ
փայտահատ է
կտրված փայտի պես
կրակին կուլ գնացող կին
մոռացիր վառարանդ
քանի չորացած ճյուղ ունես
անմխիթար
ինչպես աղջիկը պոետ
անմխիթար
ինչպես աղջիկը պոետ
քեզ սիրեցին օտար ծառերի տակ
քեզ լքեցին
անտեր բանաստեղծության պես
երկար այս ձմռանը
տղամարդդ փայտահատ ի ծնե
երկար ժամանակ կտրեց քեզ
կացնահարեց աչքերդ
թևաթափ արեց մարմինդ
հնազանդ ինչպես կացինը ծառին
միաչքանի իմ կին
որ փնտրեցիր դղյակը քեզնից դուրս
ցուրտ կին
մրսող կին
կին որ մոխիր է դառնում
քեզ օդ թռցրեցին
քեզ շաղ տվեցին հողի մեջ
քեզ սպանեցին հերթով
կին որ չվախեցար հող դառնալուց
մարմինդ չհանձնեցիր ջրին
չմայրացար երբևիցե
վախեցար սիրելուց
ու շատերի մեջ փնտրեցիր քեզ
շան պես հաչացիր
տղամարդկանց ետևից
օտարների հետ սեր արեցիր
հավատացիր ամեն գարնան հետ
մարմինդ ծիլեր կտա
քեզ չհասկացան այստեղ
արևի պես տաք կին
սիրուն կին