Play Video
Զիբա. Մոհամմադռեզա Աբդոլմալեքյան. թարգմ.` Էդիկ Պօղոսեան

ԶԻԲԱ*

Զիբա,
հույզն ամպամած է,
հեզահոգի հայացք ընծայիր,
թող արեգակնագետը
մաքրի անձկությունս:

Զիբա,
սերը
դեռ ակներիդ շուրջ է սավառնում,
հայացքդ մի փախցրու,
ձեռքս բռնիր ու շրջիր բարության նրբանցքներով,
սովորեցրու ինձ երգել այնպես,
որ սերը թարգմանվի բոլոր սրտերում,
սովորեցրու ինձ նայել այնպես,
որ սիրո թունդ փոթորկից
չդողդողա փխրությունը քո:

Զիբա,
այնպես եմ սիրահարված՝
խոնարհվում եմ Մեջնունի առաջ,
այնպես եմ սիրահարված՝
մի շնչով կերգեմ եղեգնուտը,
այնպես եմ սիրահարված՝
պոեզիա է ամեն շունչս:

Զիբա,
ակներդ` պոեզիա,
ակներդ պոետ են,
նրանց պոեմի որսորդն եմ ես:

Զիբա…
Զիբա, հույզիս կողքին նստիր,
նստիր
ու ինձ նստեցրու սոնետի ափին,
նստեցրու ինձ պատկերում սիրո,
նստեցրու ինձ պատկերում թոնի,
նստեցրու ինձ պատկերում գարունքի –
ես կկանաչեմ:

Զիբա,
խոսքերիդ աստղաբույլը
սիրո լուռ պահերին
թափիր ինձ վրա,
տեղա ինձ վրա, որ ծաղկեմ գարնան պես…
Քոնն էին հայացքը և սերը,
պտտեցրու ինձ այս ծիրի շուրջը:

Զիբա…
Զիբա, սրտիս խոսքը սա է՝
սերը քո անվամբ սկսեցի,
սիրո որ շրջանում որ է՛ս,
մեկնարկիր ինձ…

*Գեղեցիկ, նաև կնոջ անուն է

թարգմ`. Էդիկ Պօղոսեան
խմբ.` Տաթև Չախչախյան

Դիտեք նաև՝

Search