Ես լսում եմ` ոնց է հարևանի կեղտաջուրը
կաթկթում ժանգոտ խողովակներից`
տխուր ու միալար` աշնան անձրևի պես,
հոսում լցվում է տրապի մեջ
ու կաթկթում տակի հարևանի գլխին
հաղթական ռիթմերով:
Կողքի հարևանի երեխան անվերջ
դո մաժոր գամման է կրկնում
լարից ընկած դաշնամուրով:
Ես լսում եմ` ոնց է բաբախում
տակի հարևանի զարկերակը
ճնշում չափելու համար կանչված
կողքի հարևանի ականջների մեջ:
Ես լսում եմ` ինչ է խոսում հեռախոսով
հարևանս իր բարեկամի հետ,
մեր շենքի բոլոր դռների զանգերն եմ լսում,
փողոցով անցնող մեքենաների խոսքուպատասխանը,
«ավել»,«ժավել», «վարունգ-պոմիդոր»
քաղաքական կոչերը:
Ես լսում եմ՝ ինչ են խոսում կուլիսներում
և գովազդային դադարի ժամանակ,
կարճ միացման եզրով վառվող լամպիս
նախապայթյունային թշշոցն եմ լսում,
երակներիս մեջ հոսող արյան խշշոցը
և սեփական սրտի առիթմիկ զարկերը:
Անտանելի է լսել այսքան ձայն,
դրա համար էլ փակում եմ ականջներս,
ապահովության համար՝ նաև աչքերս
ու փորձում եմ մտածել ՆՐԱ մասին,
մեր առաջիկա պատահական հանդիպման,
բայց ինձ չի հաջողվում հիշել ՆՐԱ ձայնը,
ներսումս խավար է ու լռություն,
և ապահովիչները գցում են հանդիսավոր չըխկոցով:
Ես լսում եմ մամուլի ու եղանակի տեսությունը
և զգում, որ ժամանակն է արտագաղթելու,
թռչուններն արդեն երամներ են կազմում,
բոլոր ճանապարհները տանում են այստեղից:
Ես մտածում եմ օտարամայի ճամփեքի մասին,
որտեղ չեմ կարող պատահաբար հանդիպել ՆՐԱՆ,
ինչի հավանականությունն այստեղ էլ մեծ չէ,
բայցևայնպես…
Ալո, ասում է ՆԱ զայրացած, ալո…
Ես աշխատում եմ մտապահել այդ ձայնն ընդմիշտ
և հավաքում եմ ճամպրուկս
առավոտ կանուխ ճանապարհ ընկնելու համար:
Հարևանի կոյուղու խողովակը արտասվում է
ժավելահոտ արձակող արցունքներով,
իսկ ես հանգիստ եմ ու երջանիկ,
որ շուտով պիտի ապրեմ առանց ինձ: