Արդիականացման խորհրդային նախագիծը կդիտարկվի հայոց պատմության մեջ իրականացած արդիականացման փուլերի և արդիականացման արևմտյան մոդելի հետ համեմատության մեջ։ Կներկայացվեն խորհրդային արդիականացման տեսական-գաղափարական նախադրյալները, կցուցադրվի վերջինիս և խորհրդային արդիականացման պրակտիկայի անհամապատասխանությունը։Վերջինիս բացատրության համար կօգտագործվի Ջեյմս Սկոտի առաջարկած «բարձր մոդեռնիզմի» հասկացությունը, որը հնարավորություն է տալիս ցույց տալ խորհրդային արդիականացման պատկանելիությունը ուժեղ պետության կողմից թույլ քաղաքացիական հասարակությանը պարտադրված պարզեցված բարեփոխումների հարացույցին։
Դասախոսության հիմնական մասը կնվիրվի խորհրդային արդիականացման կոնկրետ փուլերի արծարծմանը։ Կներկայացվեն խորհրդային իշխանության առաջին տարիներին իրականացված հեղափոխական փոփոխությունները՝ անգրագիտության վերացումը, վարչական ապարատի ռացիոնալացումը, գենդերային քաղաքականությունը և այլն։ Առանձին տեղ կհատկացվի ԽՍՀՄ-ում ազգային խնդրի լուծման առանձնահատկություններին, որոնց թվում են ինտերնացիոնալիզմի սկզբունքը, ազգային հարցում Լենին – Ստալին հակասությունը, «նացմեն» հասկացության երկիմաստությունը։
Արդիականացումը գյուղատնտեսության մեջ կներկայացվի Բուխարինի և Ստալինի հայացքների բախման համատեքստում։ Կցուցադրվի նշված պրոցեսների դրսևորումը Խորհրդային Հայաստանում։Առանձին կքննարկվեն արդյունաբերության զարգացման փուլերը՝ երեսնականներին, վաթսուն-ութսունական թվերին։ Կդիտարկվի «պարտադրված աշխատանքի» տեղը խորհդային արդիականացման համակարգում։ Խորհրդային վարչական ապարատի կերպափոխումը նոր իշխող դասակարգի կմեկնաբանվի Տրոցկու «Դավաճանված հեղափոխություն» գրքի հիման վրա։
Դասախոսության վերջում կներկայացվի խորհրդային արդիականացման ռացիոնալիստական բաղկացուցիչի կերպափոխումը նեո-պահպանողականության։ Ներկայացման ընթացքում, բացի պատմական և տնտեսագիտական փաստերից, կօգտագործվեն խորհրդագետներ Ֆիցպատրիկի, Տակերի, Հարիսոնի վերլուծությունները, ինչպես նաև հատվածներ հեղինակի «Չարենցի ժամանակը» մենագրությունից։