Play Video

Օպերայի և բալետի թատրոնը Թամանյանի ամենանշանավոր և ամենաառեղծվածային շինությունն է: Այն մարմնավորում է ճարտարապետի պատկերացումները տարածքի և դրա պատմամշակութային արմատների միջև եղած միստիկ աղերսների մասին: Թամանյանը համոզված էր, որ այն տեղում, ուր ինքը մտադիր էր իրագործել իր վիթխարի հղացումը, ժամանակին գործել է երգի հեթանոսական տաճար, չնայած մինչ օրս այդ բանը հաստատող որևէ հավաստի վկայություն չկա: Համոզմունքը, երևի, այնքան ուժեղ էր, որ նա քանդում է այդ իսկ վայրում` միջնադարյան արմատներ ունեցող Գեթսեմանի մատուռը: Սակայն Թամանյանը չէր հետապնդում հակակրոնական նպատակ: Իր նպատակն էր, երևի, նոր` խորհրդային երգի և պարի տաճարը կառուցել ենթադրյալ հեթանոսական նախատիպ տաճարի ճիշտ նույն տեղում:

Օպերայի և բալետի թատրոնի շենքը նաև խոսուն մի օրինակ է, որը ցույց է տալիս, թե ինչպես նույնիսկ մեծ ճարտարապետը չկարողացավ խուսափել 1930-ականների խորհրդային ամբողջատիրական ճարտարապետական միտումների գայթակղությունից: Հեթանոսական երգի տաճարի նորովի արտահայտումը նա տեսնում էր Ժողովրդական տան` Ժողտան կերպարով, որի աշխատանքային նախագծերի բոլոր տարբերակները ենթադրում էին տոնական հանդիսությունների մասնակիցների և հանդիսատեսների միախառնում: Արխայիկ տոնի այդ կարևոր հատկանիշը, ուրիշ առանձնահատկությունների հետ միասին, կապեց Թամանյանի` 1926 թ. սկսած Ժողտան իրագործման նախագծերը Մոսկվայում 1931 թ. նախաձեռնված Խորհուրդների Պալատի կառուցման վիթխարի ծրագրի հետ: Ժողտունը իր վերջին` 1934 թ. նախագծում ձեռք է բերում Խորհուրդների Պալատի արտաքին հատկանիշները` ընդհուպ մինչև շենքը պսակող Լենինի հսկա արձանը: Սրան հետևում է մեկ ուրիշ փուլ Թամանյանի շենքի ճակատագրում, որն արդեն ընթանում է առանց ճարտարապետի: Այս փուլը վկայությունն է այն բանի, թե ինչքան կարևոր է խմբագրի առկայությունը նույնիսկ մեծ ճարտարապետների ստեղծագործությունների պարագայում: Թամանյանի մահից հետո Օպերայի և բալետի շենքն ավարտին է հասցնում իր որդին` Գևորգ Թամանյանը, ում «խմբագրումը»` բաց դահլիճի փոխարեն ներկայիս ֆիլհարմոնիայի սիմետրիկ հատվածի կառուցումը, զրկում է շենքը ժողովրդական թափանցելիությունից, բայց և փրկում է այն ամբողջատիրական ճարտարապետության գերությունից։

Դիտեք նաև՝

Search