Play Video

Հուշարձանները, ի տարբերություն արձանների, հիմնականում մոդեռնիստական շրջանի նախագծեր են՝ կոչված նշելու ազգային պետության կամ XX դարի կայսրություններում իշխանության տարածման սահմանների մարկերներ: Դրանք ստեղծում են հիշելու և իշխանությունների հաստատման նոր լեզու: Պատահական չէ, որ տոտալիտար համակարգի «հուշարձանային» լեզուն նույնական է կամ իրար շատ նման տարբեր պետություններում, որոնք չունեն ո՛չ լեզվական, ո՛չ էլ աշխարհագրական մերձություն: «Մանր ֆորմաների ճարտարապետության» մաս կազմող հուշարձանների անվանումը տարբեր լեզուներով հղում է ‘հիշել’ բառին (հմմտ. ‘памятник‘память’, ‘помнить’, monument՝ ծագում է լատ. monere ‘հիշեցնել’, անգլ. memorial հղում memory – հիշողություն, և հայ. ‘հուշարձանը’ – հուշ և արձան արմատներից է) և նշում է այս կոթողների սոցիալական գործառույթը, իմա՝ հիշելը կամ խմբային հիշողություն ձևավորելը: Մի շարք գիտնականներ անդրադարձել են «խմբային հիշողության» հղացքին և դրա դրսևորումներին արդի հասարակություններում (Հայլբվաքս, Ասման, Հոբսբաում, Ալեքսանդեր, Վելցեր, Գարուտ, Օլիկ, Էտկինդ ևն): ‘Հիշողությանն’ առնչվող հարյուրավոր տեսություններից հիմնականում կհենվենք այն մոտեցումների վրա, որոնք քննարկում են հուշարձանները հատկապես որպես խմբային ինքնություն ձևավորելու միջոց: Այս մոտեցումը լավագույնս արտացոլված Էրիկ Հոբսբաումի «Ավանդույթների հորինում» աշխատանքում, որտեղ նա ցույց է տալիս, թե ինչպես Գերմանիայում և Ֆրանսիայում որոշակի բովանդակությամբ արձանների միջոցով փորձ է արվում հաստատել ազգային պետության գաղափարախոսությունը: Նման գործընթաց այս կամ այն չափով տեսանելի է գրեթե բոլոր երկրներում, որոնք բռնում են մոդեռնիստական պետություն կառուցելու ճանապարհը: Ուստի XIX դարի վերջ – XX-ի սկզբում ձևավորվող շատ պետություններ անցել ես հուշարձանների օգնությամբ նոր գաղափարախոսություն (լինի այն ազգային թե կայսերական/գաղափարային) հաստատելու այս ճանապարհը: Հայաստանում մոդեռնիստական պետության կառուցումն ընթանում է խորհրդային կայսրության համատեքստում, հապատասխանաբար լեզուն, որով ձևավորվում է «խմբային հիշողության» խորհրդանշաններն ու վերբալ պատումներն իրենց վրա խորապես կրում են խորհրդայինի կնիքն ու անմիջական ազդեցությունը: Սրա մասին են վկայում ոչ միայն խորհրդային շրջանում կանգնեցված հուշարձանները, որոնց «խորհրդային մոդեռնիստական» բովանդակությունն ու արմատները կներկայացվի առաջարկվող դասախոսության ընթացքում, այլև իմ գրանցած (շուրջ 100) բանավոր պատմությունների պատումների ու ուշխորհրդային մամուլի, մասնավորապես, 1988 թ. Սպիտակի երկրաշարժի առիթով Գյումրիում թողարկված «Կումայրի» օրաթերթի «Հիշողություն» հավելվածի 40 համարների պատկերների և տեքստերի համեմատական վերլուծությունը:

Հայաստանի մանր ճարտարապետության «հուշարձանային լանդշաֆտը» մինչ մոդեռնիստական նախագծերը ներկայացված են եղել հիմնականում կոթողների երկու տեսակներով՝ խաչքարեր և հուշաղբյուրներ, որոնք հիմնականում ոչ ֆիգուրատիվ արվեստի նմուշներ են և ծածկում էին իրադարձությունների լայն դաշտ՝ քաղաքական իրադարձությունների հուշարձանացումից մինչև անհատների մահարձանի գործառույթ: Առաջին հուշ-արձանի նախագիծը ծնվել է 1908 թ. Թումանյանի, Շիրվանզադեի և Բաշինջաղյանի մոտ՝ նվիրված Խ. Աբովյանին: Ե՛վ նախաձեռնողների կազմը («ազգաստեղծ ինտելեկտուալներ»), և՛ անձը, ում նվիրված պիտի լիներ առաջին հուշարձանը՝ տեղավորվում են «հուշարձանների միջոցով ազգ-պետության խմբային ինքնություն» ձևավորելու եվրոպական նմանատիպ միջոցառումների շարքին: Սակայն ազգային իշխանության և պետության բացակայության պայմաններում, թեև արձանն արդեն 1913-ին պատվիրված էր ֆրանսահայ քանդակագործ՝ Տեր-Մարուքյանին, այն Հայաստան տեղափոխել և տեղադրել հաջողվեց միայն խորհրդային տարիներին, 1933-ին, երբ արդեն կային խորհրդային գաղափարախոսությունը հաստատող հուշարձաններ. Երևանում Մերկուրովի աշխատանքը՝ նվիրված Շահումյանին (1931) և Լենինականում Ա. Սարգսյանի աշխատանքը՝ նվիրված մայիսյան ապստամբությանը (1931): Սակայն խորհրդային հուշարձանացման համընդհանուր լեզուն ձևավորվում է «կուռք-կերպարների» տիրաժավորմամբ (հմմտ. Լենին, Ստալին) և հատկապես եվրոպական «հավերժ կրակի» կոմմեմարացիան հուշահամալիրների ազդեցությամբ: Զեկուցման մեջ կներկայացվի դրանց տարածման աշխարհագրությունն ու ծիսականացման խորհրդային պրակտիկաների ձևավորումը: Խորհրդային տարիներին այս լեզվի այնպիսի խորը յուրացում է տեղի ունենում, որ նույնիսկ հակասովետական ելույթներն ու հայկական ազգային/ազգայնական դիսիդենտական դրսևորումները կատարվում են այդ նույն լեզվով (հմմտ. 1960-ականներին տարբեր գյուղերում Անդրանիկին արձան կանգնեցնելու գաղտնի և համառ փորձերը, Ցեղասպանության հուշահամալիրի «խորհրդային մոդեռնիստական» ձևավորումը ևն):

Զեկուցման երրորդ մասը նվիրված կլինի Հայաստանում ստալինյան բռնաճնշումների զոհերին նվիրված հուշարձանների վերլուծությանը՝ փորձ անելով առանձնացնել երկու մոտեցում.

1) հուշարձանացման խորհրդային լեզվով պատմող կոթողներ, որոնց պայմանականորեն անվանել եմ «հուշարձաններ ըստ նմանության» (կամ՝ հոմեապատիկ, հմմտ. կոնկրետ անձերին նվիրված մանեկենային արձանարշավը՝ արդեն դրված և ծրագրավորված) և

2) պոստմոդեռնիստական հուշարձաններ, որոնք նոր ինքնությունը ձևավորում են ոչ թե վերևից իջեցված կաղապարներով, այլ տեղավորվում են «մասնակցային հուշարձանի» հղացքում՝ շեշտելով կապը անհատական հիշողության և զգացմունքայնության, իրերի և տարածքի աուտենտիկ լինելու հետ (պայմանականորեն՝ «կոնտագիոզ» մեմորիալիզացիա):

Թեև, արժի նշել, որ իշխանության կողմից դրանք նույնպես կարող են օգտագործվել արդի հասարակությունները մոբիլիզացնելու, իշխանություն-անհատ ուղիղ կապ ստեղծելու նպատակով (հմմտ. «անմահ գնդի» ռուսաստանյան նախագիծը): Այս առումով առավել ուշագրավ է Գյումրիի և Երևանի հուշարձանային լանդշաֆտների համեմատությունը, հաշվի առնելով, որ երկրաշարժի հետ կապված տրավմատիկ հիշողությունը Գյումրիում ավելի հաճախ խոսում է կոնցեպտուալ արվեստի լեզվով:

Դիտեք նաև՝

Search