Play Video

Ջերմացումը (1950-1960-ական թթ.) կարևորագույն պատմաքաղաքական փուլերից է ոչ միայն հետպատերազմյան Խորհրդային Միության և ԱՄՆ հարաբերություններում, այլև երկու հասարակությունների` միմյանց հանդեպ հարաբերականորեն բացվելու, միմյանց որոշ սահմանափակ իմաստով ճանաչելու, երկու պետությունների «մարդկային դեմքը» տեսնելու առումներով:

 

Ջերմացումը նաև ԽՍՍՀ-ԱՄՆ միջև տևական   «Սառը պատերազմի» ամենաէական   ընդհատումներից մեկն էր, որի շնորհիվ հնարավոր   եղավ հանգստանալու հետպատերազմյան   լարվածությունից, կենտրոնացնելու երկու   պետությունների ռեսուրսները ներքին   հիմնահարցերի լուծման վրա, ժամանակավորապես   դուրս բերելու երկու հասարակությունների   ներկայացուցիչներին փոխադարձ ատելության և զանգվածային սթրեսի տևական վիճակից:

Ջերմացման տարիներին էապես ակտիվացավ երկու պետությունների ԶԼՄ-ների գործունեությունը, մասնավորապես` լուսաբանելով ԽՍՍՀ առաջնորդ Ն. Ս. Խրուշչովի այցն ԱՄՆ (15-27 սեպտեմբերի, 1959թ.): Խրուշչովի այցի լուսաբանման շնորհիվ ԱՄՆ մի շարք քաղաքներ, ինչպես նաև ամերիկյան շենքեր, խանութներ, մեքենաներ, գովազդային պաստռներ, բնակիչների հագուստն ու կերպարներներն առաջին անգամ քիչ թե շատ, սակայն այս անգամ դրական իմաստով ճանաչելի դարձան նաև սովետական քաղաքացիների համար:

Խրուշչովի` ԱՄՆ այցին անմիջապես հետևեցին մի շարք նորամուծություններ, որոնք ձեռնարկվում էին ինչպես Ն.Ս. Խրուշչովի անձնական նախաձեռնությամբ վերևից, այնպես էլ խորհրդային բնակիչների (այդ թվում` մշակութային գործիչների, գիտնականների և շարքային քաղաքացիների) կողմից ներքևից:

Ամերիկյան կենսակերպի ուղղակի և անուղղակի նմանակում պարունակող այդպիսի նորարարություններից էին եգիպտացորենի    կուլտիվացիան և դրանից պատրաստվող   ուտեստների ակտիվ գովազդը, ԱՄՆ   սուպերմարկետներին նմանվող և ինքնասպասարկում ենթադրող, մի տեղում   տարաբնույթ ապրանքներ առաջարկող   «Ունիվերսամ» խանութների ստեղծումն ու դրանցում նոր տեսականիի առաջարկումը, մասնավորապես` դարձյալ ԱՄՆ-ից ընդօրինակված պահածոյացված տոմատի հյութի վաճառքը, Խորհրդային Միության բնակիչների կյանք մտած արևմտյան նորաձևությունն ու «Ամերիկյան» բրենդը կրող, առանձին անհատների կողմից ներկրվող և հաճախ ԱՄՆ-ի հետ ոչ մի կապ չունեցող հագուստի և պարագաների ստվերային վաճառքը իրենց նորաձև համարող և այդպիսի իմիջ կրող «стиляга» անձանց:

Ջերմացումը իր հետ բերեց նաև խորհրդային արվեստում այլընտրանքային ոճերի քարոզում, որոնց ներկայացուցիչ մշակութային գործիչները միշտ չէ որ դրական վերաբերմունքի էին արժանանում «ռեալիզմ» և «խորհրդային կոնստրուկտիվիզմ» դավանող պահպանողական արվեստագետների, քննադատների և պարզապես սովորական բնակիչների կողմից, սակայն այդ ոճերի ներկայացուցիչներն առնվազն ժամանակավորապես հնարավորութուն ստացան գործելու և ինքնարտահայտվելու:

Դիտեք նաև՝

Search