Սոցիալիզմի և սոցիալիստական կենսակերպի հաստատմանն ուղղված գործընթացներն ինքնին մոդեռնի դրսևորումներ էին: Սակայն, մոդեռնի սոցիալիստական կերպը իրենով տարբեր էր կապիտալիստական կամ լիբերալ-դեմոկրատականից, որով շարժվում էր իրեն մոդեռնիստական հռչակած արևմուտքը:
«Խռուշչյովյան ձնհալ» կոչվող շրջանում, ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչյովի արտահայտած այն մտքից հետո, որ ԽՍՀՄ-ը պետք է հասնի և անցնի Ամերիկային, ԽՍՀՄ ներքին կյանքում սկսվեց շատ հետաքրքիր մի շրջադարձ: Դա նաև դրսևորվեց առօրեա պրակտիկաներում և դիսկուրսներում: Այն արտահայտվեց առօրյա դիսկուրսների մակարդակում «երանելի» Արևմուտքի և, հատկապես, ԱՄՆ-ի իդեալականացմամբ, իսկ պրակտիկաների մակարդակում արևմտյանի կրկնօրինակմամբ: 1960-ականների կեսերից ի վեր ստեղծվեց մի շատ տարօրինակ և երկակի իրավիճակ: Մի կողմից, ԽՍՀՄ-ը պաշտոնապես ԱՄՆ-ը և կապիտալիստական արևմուտքը հայտարարում էր ամեն տեսակի չարիքի աղբյուր և թշնամական բևեռ, որից պաշտպանվելու համար ստեղծվել էր հանրահայտ «երկաթե վարագույրի» քաղաքականությունը, մյուս կողմից, այդ նույն թշնամին, հայտարարվում էր այնպիսի առաջընթացի օրինակ, ինչին, որպես տեսլական պետք է ձգտել և հասնել: Դա հանգեցրեց մի տարօրինակ իրավիճակի, երբ Սառը պատերազմի ընթացքում ԽՍՀՄ-ը պայքարում էր մի բանի դեմ, ինչը միաժամանակ ձգտում էր ընդօրինակել: Այս ընդօրինակման քաղաքականությունը իր դրսևորումները ունեցավ պաշտոնապես վերևից իջեցվող և ներքևից ձևավորվող առօրեականության պրակտիկաների մակարդակում, ինչը ընդօրինակման գործընթացը վեր ածեց նմանակման: Արդեն 1960-ականներին Սառը պատերազմը առօրեականության մակարդակում վեր ածվեց հայտարարված թշնամական կողմի առօրեականության ու կենսակերպի համատարած նմանակմանն ուղղված շարժման: Փաստացիորեն, սոցիալիստական մոդեռնի կառուցումը չդարձավ ինքնուրույն գործընթաց ու վեր ածվեց կապիտալիստական մոդեռնի նմանակման, ինչը վերջին հաշվով առօրեա պրակտիկաների մակարդակում մեծացրեց կապիտալիստական կենսակերպի հանդեպ հանդուրժողականությունը: Ավելին, կապիտալիստականի նմանակումը դարձավ խորհրդային մարդու առօրեականության մոդեռնացման հիմնական ձևը:
Փաստացիորեն կարելի է ասել, որ Սառը պատերազմը, իր մնացած դրսևորումներից բացի, նաև մոդեռնի երկու գլխավոր ձևերի՝ կապիտալիստականի ու սոցիալիստականի միջև պայքար էր, որը ավարտվեց առաջինի հաղթանակով:
Սոցիալիստական մոդեռնի դիմադրողականության իներցիան այնքան արմատավորված է հետխորհրդային ինքնություններում, այդ թվում և Հայաստանում, որ դեռևս պահպանում է կապիտալիստական մոդեռնացման հանդեպ հակադրությունը: Վերջինս հանդիպում է հատկապես հենց առօրեականության դիկսուրսների ու պրակտիկաների մակարդակում, ինչը հաճախ, մեկնաբանվում է որպես խորհրդային ժառանգություն: Զեկույցի ընթացքում կքննարկվի այն հարցը, թե ինչպե՞ս կարելի է վերաբերվել այդ ժառանգության հետ: Առաջ քաշված տեսական մտքերը և եզրակացությունները կներկայացվեն գրավոր աղբյուրներից քաղված և հեղինակի դաշտային հետազոտական նյութերից ընտրված օրինակների միջոցով: