Վերջին տասնամյակներում միգրանտների կողմից հայրենիքին կատարված փոխանցումները մեծ ուշադրության են արժանանում միգրացիոն գրականության մեջ։ Տարբեր հեղինակներ սկսել են հասկանալ, որ միգրանտները ոչ թե կորսված ռեսուրս են, այլ կարևոր դերակատարներ, որոնք կարող են նպաստել հայրենիքի զարգացմանը։ Սա արձագանք է գտել նաև քաղաքականության ոլորտում, և ՄԱԿ-ի անդամ երկների շուրջ կեսը սկսել է ձևավորել միգրանտներին թիրախավորող քաղաքականություններ մշակել։ Միգրացիոն ուսումնասիրությունների ոլորտում հիմնականում շեշտը դրվում է դրամական փոխանցումների և պետության կողմից կառավարվող փոխանցումների վրա։ Օրինակ, ՀՀ-ում 2019թ․ տվյալներով մոտ 1․5 մլրդ դոլարի փոխանցումներ են կատարվել, հիմնականում՝ Ռուսաստանից։
Փոխանցումների տարատեսակ են լինում։ Անհատական ֆինանսական փոխանցումներին զուգահեռ գոյություն ունեն կոլեկտիվ փոխանցումներ` միգրանտների խմբերի և կազմակերպությունների կողմից ուղարկվող միջոցներ։ Նաև գոյություն ունեն այլ նյութական փոխանցումներ՝ դեղամիջոցներ և այլն, որոնք ևս ունեն դրամական արժեք, բայց ավելի դժվար է չափվում դրանց բերած եկամուտը։ Առանձին է սոցիալական փոխանցումների ոլորտը, որը բնորոշվում է որպես միգրանտների կողմից հայրենիք բերվող ինքնության ձևեր և վարքի նորմեր։
2020թ․ աշնանը՝ պատերազմի ընթացքում, սփյուռքից Հայաստան եկող օգնության ծավալը մեծացավ։ Այս փոխանցումները կարելի է բաժանել երեք հիմնական մակարդակների՝ պետական, կիսապետական կամ կիսաֆորմալ և ոչ ֆորմալ։
Պետական փոխանցումները հիմնականում արվել են Համահայկական հիմնադրամին, որը սերտ համագործակցում է պետական կառույցների հետ։ Հիմնադրամը բավականին լուրջ ներդրումներ է կատարել Ղարաբաղի և Հայաստանի զարգացման գործում։ 2019թ․ դրությամբ հիմնադրամին փոխանցումներ էր կատարում երկու հիմնական խումբ՝ երկրորդ-երրորդ և երբեմն չորրորդ սերնդի հայերը և սփյուռքի բարեգործները։ Առաջին խումբը հիմնականում կորցրել է անմիջական կապը հայրենիքի հետ, և փոխանցումները միջոց էին հայրենիքի նկատմամբ ուշադրություն հայտնելու։ 1990թթ․ միգրանտների հոսքը որոշակի անվստահության մթնոլորտ էր ստեղծել այս խմբի մոտ, սակայն, 2020թ․ իրավիճակը բավականին կտրուկ փոխվեց, թեև հիմնադրամի հաշվետվողականության պակասը անվստահության որոշակի ալիք է առաջացրել։
Կիսաֆորմալ փոխանցումները հիմնականում կապված են եկեղեցական և անդրազգային կառույցների հետ, որոնք ֆինանսական միջոցներ են ուղղորդում հայրենիք։ Հայ առաքելական եկեղեցին, այս առումով, միջանկյալ օղակ է ֆինանսական հոսքերը կառավարելու տեսանկյունից, քանի որ ոչ միայն ֆիզիկական միջավայր է տրամադրում, այլև միջնորդում է՝ պաշտոնական և ոչ պաշտոնական խողովակներ ստեղծելով միջոցների համար։ Անդրազգային կառույցներից պետք է նշել Ավետարանչական եկեղեցու, քաղաքական կուսակցությունների դերը։ Այս դրամական փոխանցումները կարող են օգնել ոչ միայն Հայաստանին, այլև դրսում գտնվող կարիքավոր համայնքներին։
Ոչ ֆորմալ փոխանցումները ծագում են այն կազմակերպություններից և անհատներից, որոնք որևէ կերպով կառավարելի չեն, և, հետևաբար, դժվար նկատելի են։ Սրանց միջև կարելի է առանձնացնել միգրանտների կազմակերպությունները, որոնք գրանցված են, սակայն, սփյուռքի օրակարգի վրա ազդեցություն ունենալու ակնկալիքներ չունեն։ Մյուս խումբն անհատներն են և անհատների ցանցերը, երբեմն ոչ միայն հայեր, այլև ընդունող հասարակությունների ներկայացուցիչներ։