Play Video

Միգրացիան մարդկանց տեղաշարժն է մեկ բնակավայրից մեկ այլ բնակավայր, կարող է լինում պետության ներսում և պետությունների միջև և սովորաբար ունենում է մի շարք պատճառներ։ Պատճառների միջև կան էական տարբերություններ, քանի որ դրանցից կախված փոխվում է միգրացիայի բնույթը և միգրանտների հոգեվիճակը։ Միգրացիայի պատճառները կարող են լինել տնտեսական, քաղաքական, կրթական, սոցիալական, ալտրուիստական։

Կարևոր է առանձնացնել միգրացիայի տեսակներն ըստ մոտիվացիայի, օրինակ՝ կամավոր կամ հարկադիր։ Այս պարագայում հատկապես տարբեր է լինում մարդկանց հոգեվիճակը, քանի որ կոնտրաստային են տարբերությունները միգրացիաների միջև։ Կամավոր միգրանտներն ունեն հստակ մոտիվացիա, որոշակի պլաններ, նպատակներ։ Ի հակառակ սրան, հարկադիր միգրացիայի դիմողները սովորաբար զուրկ են նպատակներից և մոտիվներից, տեղաշարժվում են սեփական կամքից դուրս, չեն ունենում պլաններ և պատկերացումներ սեփական ապագայի մասին, չեն ունենում կյանքն այլ վայրում շարունակելու որևէ հիմք։ Նրանց բնորոշ է անորոշ և առկախված վիճակ։ Ներկայում մեզ համար ուշագրավ են հարկադիր միգրացիայի արդյունքում առաջացած փոփոխությունները և դրանց խելամիտ կառավարումը, ինչպես նաև հարկադիր միգրանտներին աջակցությունը։

Հարկադիր միգրանտներն ունենում են մեծ կորստի զգացում, որն, իհարկե, պայմանավորված է նրանց իրական կորուստներով։ Այն տարբեր կերպով է վերապրվում տարբեր տարիքային խմբերի կողմից․ մեծահասակները հատկապես ծանր են ապրում կայուն միջավայրի կորուստը, մինչդեռ երեխաների համար ավելի ծանր է սոցիալական, կրթական միջավայրի փոփոխությունը։ Երիտասարդ կանանց դեպքում կարևոր է ինչպես այս երկու միջավայրերի կորուստը, այդպես էլ նոր ապրելակերպի պարտադրումը։

Գրեթե բոլոր հարկադիր միգրանտներին բնորոշ հաջորդ խնդիրը իրենց «եսի» մասին պատկերացումների փլուզումն է։ Այս պատկերացումները կազմվում են մեր ձեռքբերումների, փորձի, միջավայրի, կապերի և դրանց որակի հիման վրա, և դրանց փլուզման հետևանքով փլուզվում է նաև մեր պատկերացումը մեր մասին։ Որքան տարիքով մեծ է մարդը, այդքան դժվար է այս պրոցեսը։ Սրան հետևում են նաև այլ խնդիրներ՝ աշխարհի մասին պատկերացումների փլուզում, մոտիվացիայի և հնարավորությունների անհամապատասխանություն, պատկանելության զգացման անբավարարությունը։ Վերջինս հատկապես առաջացնում է անորոշության և առկախման զգացողությունն և հաճախ պատճառ է դառնում բազմաթիվ հոգեբանական խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է լինում մասնագիտական միջամտություն։ Միգրանտների մոտ զարգանում է ապատիա, գործելու կամքի բացակայություն, հաճախ՝ որպես պաշտպանական ռեակցիա։ Տարածված խնդիր է դեպրեսիան, իսկ արտակարգ իրավիճակներում եղած միգրանտները կարող են ունենալ տարբեր ծանրության հոգեբանական վնասվածքներ։

Հոգեբանական հետևանքները և խնդիրները հաճախ խոսում են հարմարման դժվարությունների մասին, երբ միգրանտը չի կարողանում վերականգնել կենսագործունեությունը, կապերը, մոտիվացիան։ Այս պրոցեսի խափանման հետևանքով առաջանում են ինչպես հոգեբանական, այնպես էլ հոգեմարմնական խանգարումներ՝ խոցային, շաքարախտային, միգրենային և այլն։ Որքան էլ միգրանտը դրսևորի հարմարվածության նշաններ, այս հոգեմարմնական խանգարումները խոսում են ներքին անհամաձայնության և անհաշտության մասին։


Դիտեք նաև՝

Search