Play Video

Աշխարհում միգրացիայի մոտ 80%-ը պայմանավորված է տնտեսական պատճառներով, սակայն, գոյություն ունի նաև քաղաքական և ոչ միայն քաղաքական հարկադիր միգրացիա, երբ մարդիկ ստիպված են լինում գաղթել: Հարկադիր միգրանտներն ունեն ուշադրության մեծ կարիք. նրանք հաճախ կորցրել են ամեն ինչ, չունեն կարգավիճակ և վերադառնալու հնարավորություն: Այս մարդկանց կարիքները ներառում են լեգալ կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան աշխատելու, բնակվելու, կրթություն ստանալու: Զարգացած երկրները հաճախ հոգում են հարկադիր միգրանտների ծախսերը, սակայն, երբեմն դա էլ բավական չի լինում լիարժեք ինտեգրման համար:

Շատ կարևոր է նաև միգրանտների սոցիալական ինտեգրումը, որը հաճախ մշակութային և լեզվական խնդիրների է հանգեցնում: Ընդունող հասարակություններում մարդիկ հաճախ ուզում են աջակցել փախստականներին, սակայն, շատ կարևոր է նաև պետության դերը: Անգամ եթե կամավոր աջակցությունը բավարար քանակի է, մեծ է ռիսկը, որ այն անհավասար կամ անարդյունավետ կբաշխվի, ուստի, առաջնային խնդիր է թե՛ կամավորների, թե՛ պետության կազմակերպված և համագործակցային աշխատանքը:

2020թ. սեպտեմբերի 27-ից հետո Արցախից ՀՀ տեղափոխված անձանց թիվը դեռ հոկտեմբերի երկրորդ կեսին կազմել էր մոտ 90000, ինչը կապված էր խաղաղ բնակչության զանգվածային տեղափոխման հետ: Երեխաների և դեռահասների միջև աղջիկների ու տղաների քանակը մոտավոր հավասար էր, սակայն, չափահասների պարագայում տեղափոխվածների մոտ 92%-ը կանայք էին (տարեցների մեջ մոտ 65%): Սկզբում այս մարդկանց ընդունեցին հյուրանոցներում, բնակարաններում, բարեկամների տներում, սակայն, հաճախ այս տարբերակները չէին կարող հարատև լինել, և ժամանակավոր տեղափոխված մարդկանց երկընտրանք հայտնվեց՝ վերադառնալ Արցախ, կամ ադապտացվել նոր իրողությանը: Ադապտացման հետ կապված մի քանի խնդիր կարելի է առանձնացնել: Առաջինը տնտեսական ճգնաժամն է, որը պայմանավորված է թե՛ կորոնավիրուսի համավարակով, թե՛ Հայաստանում ընդհանուր տնտեսական բարդ իրավիճակով: Երկրորդ խնդիրը ժամանակավոր տեղափոխված անձանցից շատերի՝ գյուղատնտեսական աշխատանքներում ներգրավված լինելն է, ինչը բարդություն է ստեղծում քաղաքային միջավայրում աշխատանք գտնելուն: Երրորդը բնակարանային խնդիրն է. առայսօր վերադարձել է մոտ 25000 արցախցի, սակայն, մինչև 70000 մարդ շարունակում են մնալ ՀՀ տարածքում, և նրանցից մոտ 25000-30000 ի վիճակի չեն լինի վերադառնալ, ուստի Հայաստանի Հանրապետությունը պիտի զբաղվի նրանց տեղավորելու հարցով:

Դիտեք նաև՝

Search