Play Video

Աշխատանքային միգրացիան անձանց տեղաշարժն է մի երկրից կամ իրենց բնակության վայրից մեկ այլ երկիր կամ բնակության վայր՝ գումար աշխատելու նպատակով։ Տեղափոխվող անձինք աշխատանքային միգրանտներ են։ Աշխատանքային միգրացիան կարող է լինել կարճաժամկետ՝ մինչև 1 տարի ժամկետով, և երկարաժամկետ՝ 1 տարուց ավել ժամկետով։ Խոսենք աշխատանքային միգրացիայի երեք տեսակի մասին՝ սեզոնային աշխատանքային միգրացիա, ճոճանակային միգրացիա և ցիրկուլյար միգրացիա։ Ճոճանակային միգրացիան մեծ հաճախությամբ մեկ վայրից մեկ այլ վայր՝ գյուղ, քաղաք, երկիր, աշխատանքի մեկնելն է։ Սեզոնային աշխատանքային միգրացիան ենթադրում է սովորաբար 6-9 ամսով մեկնումներ, իսկ շրջանառու միգրացիան ենթադրում է 1-3 տարի ժամանակահատված։ Վերջինս տարբերվում է այն հանգամանքով, որ ենթադրվում է, որ միգրանտը որոշակի գիտելիքներ ու հմտություններ է ձեռքբերել և դրանք կծառայեցնի իր երկրի ծաղկմանը։

Աշխատանքային միգրացիան լինում է օրինական և ոչ օրինական։ Օրինական միգրացիան ենթադրում է, որ այլ երկիր աշխատանքի մեկնող անձը պիտի ունենա որոշակի փաստաթղթեր, սովորաբար՝ աշխատանքի թույլտվություն, եթե ըստ միջպետական համաձայնագրերի նախատեսված չէ այլ բան։ Հայաստանի Հանրապետությունը միջազգային մի քանի պայմանագիր ունի, որոնցից ամենամեծն է ԵԱՏՄ պայմանագիրը։ Այս պայմանագիրը վերաբերում է միայն և բացառապես աշխատանքային միգրանտներին և կարգավորում է աշխատանքային միգրանտների իրավահարաբերությունները անդամ երկրների տարածքում, նրանց իրավունքները, պարտականությունները։ Հաջորդ պայամանագիրը 2016թ․ ՀՀ և Ֆրանսիայի միջև կնքված միգրացիոն հոսքերի կառավարմանը վերաբերող պայամանագիրն է, որը վավերացրել է դեռևս միայն Հայաստանի կողմից և վերաբերում էր ուսանողների, երիտասարդ և որակավորված մասնագետների աշխատանքին, կացությանը, պայմաններին, իրավունքներին և ինտեգրման գործընթացին։ Հաջորդ պայմանագիրը 2018թ․ ՀՀ և Բուլղարիայի միջև կնքված աշխատանքային միգրացիայի կարգավորմանը վերաբերող համաձայնագիրն է, որը վերաբերում է սեզոնային միգրանտներին և մեկից երեք տարի աշխատող միգրանտներին։

Հայաստանից մեկնող աշխատանքային միգրանտները կազմում են ամբողջ միգրացիոն հոսքի 93 տոկոսը, և նրանց 89 տոկոսը մեկնում է Ռուսաստան։ Այդ անձիք սովորաբար ոչ բարձր որակավորում պահանջող մասնագիտությունների տեր են, որոնք ներգրավված են հիմնականում շինարարության և ծառայությունների մատուցման ոլորտներում։ ԵԱՏՄ համաձայնագրից հետո Հայաստանի քաղաքացիների աշխատելու հնարավորությունները Ռուսաստանում բավականին հեշտացան, որովհետև համաձայնագիրը ենթադրում էր, որ անդամ երկրներում աշխատելու համար անհրաժեշտ չէ որևէ հավելյալ փաստաթուղթ բացի աշխատանքային պայմանագրից։ Սակայն, 2015թ․ Ռուսաստանում տեղի ունեցան միգրացիոն օրենսդրության խստացումներ, որոնք 11 գերատեսչությունների մասով թույլ էին տալիս որևէ խախտման դեպքում 1-10 տարով փակել միգրանտի մուտքը Ռուսաստան, իսկ երեք այլ գերատեսչության մասով հնարավոր էր նույնիսկ անժամկետ արգելափակում։ Ավելի բարձր որակավորում պահանջող մասնագետները մեկնում են ԵՄ երկրներ, որոնք 2000թթ․ վերջերին բնակչության թվաքանակի նվազեցմանը զուգահեռ ունեցան նաև բարձր որակավորման մասնագետների նվազում ունեցան և որոշեցին իրենց աշխատաշուկան երրորդ երկրների մասնագետների հաշվին։ Բարձր որակավորում ունեցող մասնագետի չափորոշիչը տարբեր է ԵՄ տարբեր երկրների համար և սովորաբար որոշվում է տվյալ մասնագիտության միջին աշխատավարձը, որը պիտի մեկուկես անգամ գերազանցի նպատակակետ երկրի միջին աշխատավարձը։ Հաջորդ երկիրը, ուր ՀՀ-ից մեկնում են աշխատելու նպատակով, Չինաստանն է։ Հետաքրքիր է, որ այնտեղ աշխատելու են մեկնում օտար լեզուների մասնագետները, արվեստի և սպորտի բնագավառների աշխատակիցները։

Աշխատանքային միգրացիայի վրա ազդեցություն են ունենում աշխարհում ունեցող գրեթե բոլոր իրադարձությունները։ Կորոնավիրուսային համավարակն ու Արցախյան պատերազմը մեծ ազդեցություն ունեցան Հայաստանից աշխատանքային միգրացիոն հոսքերի վրա։ Վերջիններիս հիմնական մասը սեզոնային է՝ մարտ ամսից մինչև նոյեմբեր-դեկտեմբեր, և այն, որ համավարակի արդյունքում սահմանները փակվեցին հատկապես մարտ ամսին, մեծ անդրադարձ ունեցավ աշխատանքային միգրացիոն հոսքերի վրա։ Աշխատանքային միգրացիան անկախությունից ի վեր կազմել է Հայաստանի զբաղվածության 10-15%, և արտերկրից ուղարկված դրամական փոխանցումները կազմել են ՀՀ ՀՆԱ-ի 12-21%, այդ գումարի մոտ 60% եկել է Ռուսաստանից։ Աշխատանքային միգրանտների այն հատվածը, որը կարողացել էր մեկնել գոնե ՌԴ, բարդություններ ունեցավ աշխատանքի հետ, և մեկնածների առնվազն կեսը ստիպված եղավ վերադառնալ, և կարելի է ասել, որ դարձան խոցելի խումբ։ Հաջորդ խոցելի խումբը դարձան նրանց ընտանիքները, որոնք զրկվեցին արտերկրից մտնող գումարներից։

Պատերազմական գործողությունների արդյունքում հայտարարվեց համատարած զորահավաք, որին պիտի մասնակցեին զինապարտության տարիքի և պահեստազորում գտնվող տղամարդիկ (ընդհանուր՝ 18-55 տարեկան), որոնք կազմում են մեր աշխատանքային միգրանտների ավելին քան 65%։ Եթե հաշվի առնենք, որ տարբեր տարիներին Հայաստանից մեկնող միգրանտների 75-80% կազմում են տղամարդիկ, ստացվում է, որ միգրանտների ինչպես մուտքը, այդպես էլ ելքն է արգելափակվում։ Սա բերեց ոչ միայն աշխատանքային միգրացիոն հոսքերի կտրուկ փոփոխությանը, այլև միգրացիոն տրամադրությունների բարձրացմանը, ինչից ակնկալվում է, որ չի բացառվում, որ հաջորդ տարի աշխատանքային միգրացիային զուգահեռ մենք ունենանք մշտական միգրացիայի հոսք։

Ամբողջ աշխարհում տարվում է քաղաքականություն, որը ենթադրում է, որ աշխատանքային միգրանտներն ունենան իրենց ծագման երկրի վրա որոշակի ազդեցություն։ Սակայն կարևոր են ոչ միայն ֆինանսական հոսքերը, այլև հենց իրենք՝ միգրանտները, քանի որ նրանք, աշխատելով մեկ այլ երկրում, ձեռք են բերում նոր գիտելիքներ ու հմտություններ, որոնք կարող են կիրառել իրենց հայրենքում։ Հետազոտության արդյունքներում պարզվել էր, որ միգրանտների 57,7%-ը կարծում էր, որ միգրացիոն գործունեությունն իրենց մասնագիտական աճի վրա ունեցել է նշանակալի ազդեցություն, իսկ 19,5%-ը՝ զգալի ազդեցություն, այսինքն, կարելի է օգտագործել վերադարձած միգրանտների ներուժը՝ մեր տնտեսությունը զարգացնելու համար։ Մյուս կողմից, կարևոր են երկարաժամկետ միգրանտները, որոնք անգամ գտնվելով դրսում, կարող են դարձյալ օգտակար լինել իրենց ծագման երկրի տնտեսության համար՝ ունենալով կարճատև այցեր և վերապատրաստման դասընթացներ։ Ունենալով միգրացիոն այսքան մեծ ներուժ՝ Հայաստանի պարզապես իրավունք չունի այն չօգտագործելու երկրի տնտեսությունը զարգացնելու համար։

Դիտեք նաև՝

Search