Play Video
Կինը և մայրությունը միգրացիայի իրավիճակում | Լիլիթ Մնացականյան

Միգրացիայի իրավիճակում կնոջ հոգեկան կյանքն ու մայր-երեխա հարաբերությունները որոշակի փոխակերպումների են ենթարկվում։ Քանի որ միգրացիան սոցիալ-մշակութային միջավայրի փոփոխություն է, այն արտացոլվում է կնոջ ու սոցիալական միջավայրի միջև հարաբերությունների խորքային շերտերում։ Առաջին հարթությունը սոցիալական միջավայրում կանացիության դրևորումների փոփոխություններն են․ ընդունող հասարակության մեջ սոցիալական դերերի պակասը կամ բացակայությունը, անօրինական կացությունը, ծպտյալ կյանքը և հոգեբանական ծանր ապրումները երկրորդ պլան են մղում կանացիության դրսևորումներն ընդգծելու ակտուալությունը։ Սրա հիմնական պատճառն այն է, որ դեռևս հաստատված չի լինում ընդունող հասարակության հետ հոգեբանական ու սոցիալ-մշակութային կապը, և անձը կարծես հաշվի չի նստում այդ հասարակության հետ, ուստի չի կարևորում որոշակի տեսք ընդունելու անհրաժեշտությունը։ Այնուամենայնիվ, համայնքի ներսում հանդիպումների ժամանակ կանայք պահում են իրենց միջավայրին հատուկ կանացիություն դրսևորելու չափանիշները։ Միգրացիայում երկար տարիներ ապրելուց հետո կանայք սկսում են աստիճանաբար որդեգրել ընդունող հասարակության գեղեցկության չափանիշները։

Երկրորդ հարթությունն ընտանիքի ներսում կնոջ դերի փոփոխությունն է։ Կանայք ավելի հեշտ են կապ հաստատում նոր հասարակությունների հետ, քան տղամարդիկ, և ընտանիքում կնոջ դերը փոխվում է․ կինը սկսում է միջավայրի հետ կապված որոշ խնդիրներ միայնակ լուծել, շփվել տարբեր հաստատությունների հետ, ուստի իր դերն ընտանիքի ներսում մեծանում է։

Մյուսը միգրացիայի մեջ մայրության հիմնախնդիրն է։ Արդեն հղիության շրջանից միգրանտ կինը շատ խոցելի է։ Քրիստին Դավուդյանն առանձնացնում է հղի կնոջ խոցելիության երեք մակարդակ։ Առաջինը խոցելիության մակարդակն է, երբ կինը դառնում է մայր, և նրա ինքնության մեջ բեկումնային փոփոխություններ են տեղի ունենում։ Երկրորդ մակարդակը միգրացիայի իրավիճակն է՝ միջավայրի փոփոխությունը, հարմարման խնդիրները և այլն։ Երրորդը լուսանցքում ապրելու հանգամանքն է՝ մարգինալ իրավիճակը, երբեմն՝ ծպտյալ կյանքը։ Երեխայի ծնվելուց հետո հիմնական դժվարությունը երեխային մինչև միգրացիա եղած իրավիճակին կապելու հարցն է, քանի որ միգրացիան որոշակի խզում է դառնում նախկին և նոր կյանքերի միջև։ Երեխայի մեծանալուն զուգընթաց երևում է, որ երեխայի ինտեգրումը նոր հասարակության մեջ կարծես ծնողի կողմից վերապրվում է որպես բաժանում երեխայից, քանի որ բարդանում է երեխային սեփական ինքնությունը փոխանցելը։

Դիտեք նաև՝

Search