«Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ». դասական փիլիսոփայության մեջ սա իմաստության ելակետն է, սակայն տվյալ քննարկման ժամանակ այս արտահայտությունը կդիտարկվի որպես ժողովրդավարության ելակետ: Յուրաքանչյուր քաղաքացի պիտի ընդունի, որ ինքն ամեն ինչ չգիտի: Ժողովրդավարությունն ավարտվում է այն կետում, որում առանձին քաղաքացի որևէ բան գիտի, քանի որ այս դեպքում մյուսների կարծիքի և քվեարկության անհրաժեշտություն չկա:
Ի՞նչ անել և ինչպե՞ս անել հարցերին պատասխանելու բանաձևը հետևյալն է. ես գիտեմ, որ ես չգիտեմ, բայց ես գիտեմ, որ մենք գիտենք: Այսինքն, մենք հավատում ենք հավաքական բանականությանը:
Ցանկացած նյութ, որի մասին խոսում ենք, պետք է որոշակի չափանիշներ ունենա: Ելակետը կարևոր է սկսելու պահին, բայց անհրաժեշտ են նաև որոշակի ուղեցույցներ՝ ուղուց չշեղվելու համար:
Ենթադրվում է, որ հեղափոխությունը տեղի է ունեցել, իսկ հիմա տնտեսական հեղափոխության հերթն է: Նույնիսկ տնտեսական հեղափոխություն իրականացնելու, մեր միջավայրին համապատասխան նոր տնտեսական կարգ առաջադրելու համար որոշակի չափանիշներ են պետք: