Play Video
Ընտանեկան բռնություն. դրա դեմ պայքարը և կանխարգելումը | Շուշանիկ Խուրշուդյան

Ընտանեկան բռնությունը կարող է ունենալ տարբեր դրսևորումներ՝ ֆիզիկական, սեռական, տնտեսական և հոգեբանական, և բացասական հետևանքներ է ունենում անձի ֆիզիկական և հոգեկան առողջության վրա: Բռնության ենթարկվող մարդը չի կարողանում զարգանալ, ինքնադրսևորվել, ինտեգրվել հասարակությունում և գործունեություն ծավալել: Ընտանեկան բռնությունը կարող է ունենալ ուղղակի և անուղղակի ազդեցություն, օրինակ՝ երեխաները, ականատես լինելով ընտանեկան բռնությանը, անուղղակի են ենթարկվում դրան: Ընտանեկան բռնությունը գոյություն ունի ամբողջ աշխարհում, և դրևսորման տարբեր մակարդակներ ունի նաև Հայաստանում, ինչի մասին վկայում են իրավապահ մարմինների, ՀԿ-ների և միջազգային կառույցների տվյալները: Ընտանեկան բռնությունը լատենտային բնույթ երևույթ է, և վիճակագրական տվյալների ճշգրտության վրա ազդում են մի շարք գործոններ. հաճախ այն հասարակության կողմից համարվում է մասնավոր խնդիր և դրա մասին բարձրաձայնելը ամոթալի է համարվում: Մյուս գործոնն այն է, որ անգամ բռնության ենթարկված անձը հաճախ չի գիտակցում, որ բռնության է ենթարկվում: Ընտանեկան բռնության առանձնահատկություններից է այն, որ այն տեղի ունենում այն միջավայրում, որտեղ մարդն իրեն ամենաապահովն է զգում և, թե՛ բռնության ենթարկվածը, թե՛ իր շրջապատը չեն համարում, որ իր հետ կատարվածը որոշակի խնդիր է:

Ընտանեկան բռնության թյուր ընկալման հիմքում ընկած են մի շարք միֆեր: Դրանցից առաջինն այն է, որ ընտանեկան բռնությունը կարող է տեղ գտնել միայն սոցիալ-տնտեսական, առողջական, հոգեկան առողջության խնդիրներով կամ ալկոհոլային ու թմրանյութային կախվածությամբ անձանց միջև: Սակայն, ընտանեկան բռնությունը ուժի և իշխանության հաստատման երևույթ է և կարող է տեղ գտնել սոցիալական բոլոր շերտերում: Ընտանեկան բռնության մասին խոսելիս հաճախ բարձրաձայնվում են միայն կանանց հանդեպ դրսևորումները, սակայն, այն կարող է ուղղված լինել ընտանիքի բոլոր անդամների նկատմամբ: Այնուամենայնիվ, վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ կանայք ավելի հաճախ են դառնում բռնության զոհ:

Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելման հարցում կարևոր նշանակություն ունի 2017թ. ընդունված ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը: Վերջին տարիների ընթացքում բացահայտվել են օրենքի մի շարք թերություններ, որոնք պիտի շտկվեն, և, մյուս կողմից, շարունակում է չլուծված մնալ ընտանեկան բռնության քրեականացման հարցը, որը արդյունավետ միջոց է մի շարք այլ երկրներում:

Դիտեք նաև՝

Search