Play Video

Բռնություն հասկացությունը սովորաբար հանրային հարաբերությունների դիսկուրսից վեր և հեռու դիտարկվող, ավելի վտանգավոր երևույթ է։ Բռնությանը մենք առնչվում ենք սարսափելի հանցագործությունների ու ահաբեկչությունների մասին լսելիս, երբ խաթարվում են հանրային կյանքն ու հարաբերությունները։ Այնուամենայնիվ, այդ վերապրումներից հետո հասարակությունը կարծես խաղաղվում է և ողջ պատասխանատվությունը կարծես թողնում է իրավապահ համակարգին, որպեսզի այն քրեաիրավական միջոցներով ազդի բռնության և հանցավոր դրսևորումների վրա, իսկ մարդիկ լուռ ապրում ու սպասում են, մինչև տեղի ունենա հաջորդ միջադեպը։ Եվ եթե այս մոտեցումը կարծես «աշխատում» էր 20-25 տարի առաջ, երբ բռնությունը շատ ավելի հազվադեպ էր բարձրաձայնվում, ապա այսօր՝ մեդիա-ազատականացման և սոցիալական ցանցերի անսահմանության ժամանակներում, բռնությունը սղոսկել է ամենուր՝ մեդիա, ֆիլմեր, եթեր, սոցիալական ցանցերի խոսույթ, և, հետևաբար, այդքան հեռու չէ, որքան մենք պատկերացնում ենք։ Այն անքան է մոտեցել մեր ընտանիքներին, կյանքին, երեխաներին, անձնական անվտանգության տիրույթին, որ մենք այլևս չենք կարող պարզապես անգործ նստել և պահանջել, որ իրավապահ համակարգը գործի, քանի որ իրավապահ համակարգն արձագանքում է կատարված փաստերին։ Այսպիսով սոցիալական բազմաթիվ ինստիտուտներ կարևոր նշանակություն ունեն բռնությունը ոչ միայն բարձրաձայնելու, այլև կանխելու հարցում։ Այդ ինստիտուտներից առաջինն է ընտանիքը։

Ընտանիքը մեր ձևավորման առաջնային միջավայրն է, և հետագայում մենք՝ որպես քաղաքացի, հայելային արտապատկերով արտացոլում ենք այն, ինչ տրվել է մեզ ընտանիքում։ Հաճախ հանցագործությունների բնույթը հասկանալու համար պետք է ուսումնասիրել անհատի մանկությունն ու տեսնել՝ ինչ վարքագծային կանոններ են ձևավորվել մարդու ընտանիքում։ Այս իմաստով, բռնությունը կանխելու առաջնային պայմանն ընտանիքում դրական ծնողավարումն է՝ առանց ծեծի, հոգեբանական ճնշումների, դիսցիպլինար ֆիզիկական պատիժների և այլն։ Գոյություն ունեն բազմաթիվ հետազոտություններ, որ ուղիղ կապ են տեսնում խիստ ծնողավարման և հետագայում երեխայի առողջության վատթարացման միջև։ Սրտանոթային խնդիրները, նևրոզները, ալկոհոլի ու թմրանյութի հանդեպ հակվածությունը հաճախ կապված են փոքր տարիքում բռնության ենթարկվելու հետ։ Ավելի բարդ խնդիր է ամուսինների մեջ առկա բռնությունը։ Ընտանիքում անհրաժեշտ են միջանձնային հարաբերությունների սոցիալական կարգավորումներ․ իշխանական հարաբերությանը՝ բռնության ակադեմիական սահմանման հիմնական հատկանիշին, պիտի փոխարինի համագործակցությունը։

Սոցիալական հաջորդ ինստիտուտը դպրոցն է, որտեղ մենք ձևավորվում ենք որպես քաղաքացի։ Կրթական հաստատությունում բռնության խնդիրն ունի երկու ասպեկտ՝ մանկավարժական մեթոդներում բռնության բացառումը և երեխաների միջև բռնության կամ բուլինգի խնդիրը։ Կրթության գերակա նպատակ է համարվում գիտելիքների և կոմպետենցիաների փոխանցումը, բայց լատենտ բռնությունը անտեսվել պարզապես չի կարող, և բռնության դրսևորումների դեպքում չմիջամտող մանկավարժը պարզապես ամրապնդում է բռնության հարաբերությունները։ Կրթության քաղաքականության ոլորտը պիտի կանխարգելի բակային հարաբերությունների մուտքը դպրոց և անհավասար, իշխանական ու վերահսկողական հարաբերությունների հաստատումը աշակերտների միջև։

Տնտեսական համակարգից վերացել են ուղիղ բռնության դրսևորումները, սակայն պետք է ուշադիր լինել, որ ազատ շուկայի կարգավորումները չունենան լատենտ բռնության խնդիրներ։ Այստեղ կարևոր է մրցակցային ու ազատ շուկա ձևավորելու պետության դերակատարումը, որը բացառում է տնտեսական ոլորտում ուժի կիրառումն ու հաշվեհարդարները։

Ներպետական և վերպետական քաղաքական համակարգերում բռնության դիսկուրսը դեռևս գերակա է՝ պատերազմները, ահաբեկչությունները, զինված բախումները։ Սակայն, քաղաքականությունը ևս արդար և մրցակցային պայքար է, և դրան կարելի է հասնել սոցիալական տարբեր ինստիտուտների համագործակցությամբ։

Հաղորդաշարը նկարահանվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից առաջ։

Դիտեք նաև՝

Search