Play Video

Բռնակալությունը հոգեկան պաշտպանական պատասխան է ահաբեկման կամ սարսափի փորձառությանը և առաջնային դեպրեսիվ տագնապներին: Վերջիններս կապված են մայրիկի կերպարի՝ սիրո և ապահովության օբյեկտի կորստի հետ: Մարդը, չկարողանալով պարունակել անապահովության և տագնապի զգացումները, ստիպված է լինում ուղիներ փնտրել դրանք իր հոգեկանից հանելու. այդ միջոցներից մեկը բռնարարքն է: Բռնակալն անելանելիության մեջ հայտնված մարդն է, որը ունի զոհի կարիք, քանի որ կարիք ունի որևէ մեկի վրա «գցելու» անզորության ու տագնապի ուժգին զգացումները: Զոհը դառնում է բռնակալի աֆեկտների օբյեկտը:

Բռնակալ մանուկը չի մխիթարվում, չի հանդարտվում, լացում է և բղավում: Բռնակալության այս դրսևորումները հյուծում են ծնողի ռեսուրսները և առաջացնում են դաժան, բռնի գործողություններ կատարելու մղում: Ավելի մեծ տարիքում բռնակալության դրսևորումները կարելի է տեսնել այն երեխաների մոտ, որոնք համառորեն փորձում են ծնողին հունից հանել: Բռնակալ երեխան «թագավոր» է, բայց ոչ «լեգիտիմ». դեռևս հին հունական պատկերացումներում բռնակալը՝ տիրանը, ապօրինի է իշխում և ընտրված չէ ժողովրդի կողմից: Բռնակալ երեխան, ցուցաբերելով բռնակալ վարք, «ապօրինաբար» հայտնվում է ծնողի դերում և դուրս է գալիս երեխայական «ենթակայության» կարգավիճակից:

Առանձնացվում է բռնակալության ձևավորման երեք հիմնական գործոն՝ օբյեկտի որոնում, սահմանի փորձառության որոնում, հոգեբանական ժառանգության հանդեպ ընդվզում: Ըստ անգլիացի հոգեբան Վինի Կոթի, եթե երեխան ավերիչ գործողություններ և անկարգ վարք է ցուցաբերում, նա դա անում է մայրիկին գտնելու համար, համոզվելու համար, որ մայրիկը դեռ կա: Երեխայի ճիչը մայրիկին կանչելու, մայրիկին գոյություն հաղորդելու, մխիթարություն ստանալու փորձ է: Հասուն տարիքում էլ բռնարարքի ժամանակ մարդու մեջ գործում են մանկական մեխանիզմները:

Ըստ Մելանի Քլայնի, այն ընտանիքներում, որտեղ բռնակալության մթնոլորտ է տիրում, զոհը սիրո օբյեկտն է: Բռնակալի նպատակն է դառնում ոչնչացնել այն ամենը, ինչը կարևոր է զոհի համար և գրավել այդ կարևորի տեղը: Զոհը ենթարկվում է բռնակալին, քանի որ նրանց միջև ստեղծվում է կախվածության տիպի հոգեկան կապ, որն իրականում կապ է սեփական ներքին բռնակալի հետ: Դրա հիմքում ընկած է ահաբեկման առաջ անպաշտպան մնալու սարսափը, իսկ բռնակալի մոտ զոհն ունի պաշտպանված լինելու պատրանք:

Դիտեք նաև՝

Search