Play Video

Հայաստանում ընտանեկան բռնության տարածվածության ընդհանրական պատկերը տեսնելը դժվար է։ Դրա պատճառներից է այն, որ բռնությունը մեր հասարակությունում մշակութային որոշակի նորմավորվածություն ունի։ Մյուս պատճառներից է այն, որ կանայք հաճախ իրենց ստորադասում են տղամարդկանց նկատմամբ, և դա թույլ չի տալիս, որ իրենք ամբողջովին հարցադրեն բռնության երևույթը։ Տարբեր են նաև բռնության ընկալումները, և չնայած, որ մասնագիտական շրջանակներում գոյություն ունի ընտանեկան բռնության հստակ սահմանում, միևնույն է, հանրային ոլորտում կա բռնության ձևակերպման չհամաձայնեցված որոշակի պատկերացում։

Թեև կանայք ընդդիմանում են իրենց հանդեպ կիրառվող սահմանափակումներին, այնուամենայնիվ, նրանք հաճախ գտնում են, որ կնոջ ազատությունը պիտի չափավոր լինի և ենթարկվում են հասարակական սահմանափակումներին։ Կանայք որպես ընտանեկան բռնություն որակում են ընտանիքում կնոջ հանդեպ կիրառվող սահմանափակումները, վերահսկումը և բռնությունը, սակայն, երբ նշվածները կիրառվում են ծնողների կողմից երեխաների հանդեպ, դրանք որպես բռնություն չեն ընկալվում, և մեկնաբանվում են որպես հոգատարության ու սիրո դրսևորումներ։ Բռնության թեթև դեպքերի (ապտակ, քաշքշուք և այլն) ենթարկված կանայք դրանք որպես բռնություն չեն ընկալում, և անգամ ծանր բռնության ենթարկված կանայք կարողանում են հաշտվել այդպիսի դրսևորումների հետ, սակայն, բռնության պարբերականությունը և շարունակական բնույթը կանանց ստիպում է ամուսնալուծությունը դիտարկել որպես լուծման ճանապարհ։

Հոգեբանական բռնությունը հաճախ առհասարակ չի ընկալվում որպես բռնության տեսակ․ այն մեկնաբանվում է որպես «հոգեբանական ճնշում» և արհամարանք, կառավարելու փորձեր, խանդ և այլն։ Հոգեբանական բռնությունն, այդուհանդերձ, դրսևորվում է պարտադրանքների, երեխաներին անվանակոչելու և դաստիարակելու, և այլ խնդիրների ձևով։

Տնտեսական բռնությունը հաճախ նույնացվում է հոգեբանական ճնշման հետ, և այն տարբերակում են միայն այն կանայք, որոնք աշխատանքի բերումով կամ այլ պատճառով առնչվել են բռնության այս տեսակի հետ։ Տնտեսական բռնության դրսևորումներն են կնոջ աշխատելու իրավունքի սահմանափակումը, աշխատավարձի առգրավումը, ընտանեկան գնումներին մասնակցության սահմանափակումը, կրթության հնարավորությունից զրկելը և այլն։ Որքան էլ կանայք բացասական չեն վերաբերվում այս սահմանափակումներին, նրանք փորձում են ճանապարհներ գտնել դրանք շրջանցելու և համակերպվելու։

Սեռական բռնությունը կանանց կողմից համարվում է ընտանեկան բռնության ամենանվաստացուցիչ, ամենալռեցված, չքննարկված տեսակն է։ Մասնագիտական նեղ շրջանակներից դուրս այս թեման քննարկում չունի։ Սեռական բռնությունը տարածում ունի թե՛ ծնողական, թե՛ ամուսնական ընտանիքներում, սակայն եթե առաջիններում այն բռնություն է ընկալվում, երկրորդ դեպքում այն բռնություն չի համարվում։

Դասակարգման այս տիպերից դուրս կանայք առանձնացնում են նաև խառը տեսակներ՝ ամուսնական որոշման և տարիքի, սոցիալական շփման սահմանափակումները, դավաճանություններն ու ամուսնալուծությունները, աղջիկ երեխաներից ազատվելու դեպքերը և այլն։


Կանանց համար շատ դժվար է իրենց ընտանիքի անդամներին նույնացնել բռնարարի, իսկ իրենց՝ բռնության ենթարկվածի հետ։ Սա բարդ գործընթաց է, և կանայք փորձում են սա բացատրել որպես ընտանեկան անհավասարություն, արտոնությունների դրսևորում և այլն՝ խնդիր տեսնելով միայն դրանց չարաշահման մեջ։ Բռնարարի վարքը մեկնաբանելիս՝ կանայք մի շարք գործոններ են առանձնացնում, օրինակ՝ տղամարդկության և բռի ուժ ցուցադրելու նույնացումը հասարակության կողմից, տղամարդկանց ինքնահաստատման կարիքը, ալկոհոլից կախվածությունը կամ հոգեկան անհավասարակշռությունը։ Բռնություն գործադրելու գործոնները առանձնացնելիս՝ կանայք փորձում են դրանք տեղավորել տղամարդու պատասխանատվությունից դուրս։

 «Սոցիոկսկոպ» Հկ-ի և  «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համատեղ իրականցված հետազոտությանը կարող եք ծանոթանալ այստեղ՝  «Խոսելով կանանց հետ ընտանեկան բռնության խնդրի շուրջ. կանանց կարծիքները եւ կարիքներ»

Դիտեք նաև՝

Search