Play Video

«Բռնի մահ» տերմինի տակ անհրաժեշտ է հասկանալ երեք տեսակի մահեր՝ սպանությունների, ինքնասպանությունների և պատահարների (մեծ մասամբ՝ տրանսպորտային) հետևանքով առաջացած մահերը: Այս երեք տեսակն ընդունված է խմբավորել, քանի որ մարդկանց արձագանքը դրանց շատ նման է և առաջացնում է բարդացված սուգ, դեպրեսիա և հետտրավմատիկ սթրեսային խանգարում՝ անհատական և կոլեկտիվ մակարդակներում: Հատկանշական է, որ մահվան վիզուալ ընկալումն առաջին հերթին հենց բռնի մահն է. դեռ իննսունական թվականներին արված հետազոտությունը ցույց էր տվել, որ միջին վիճակագրական ամերիկացին օրեկան մոտ 3 բռնի մահ է տեսնում, իսկ այսօր այդ մակարդակը բարձրացել է՝ մեդիաների, ֆիլմերի, համակարգչային խաղերի մեջ: Որոշակի առումով, մահվան նորմը դառնում է հենց բռնի մահը, որը կարծես հանրային է դառնում և դրսևորվում է ոչ միայն վիզուալ ընկալման մեջ, այլև հիշատակման ծեսերում:

Մարդիկ բռնի մահվանն արձագանքում են հանրայնորեն: Եթե այլ դեպքերում ծեսերը կամ արարողությունները կարող են լինել անհատական կամ համայնքային, ապա բռնի մահվան դեպքում մեծ է հավանականությունը, որ արձագանքը կտեղափոխվի հանրային տաիածք: Այն կարող է դրսևորվել ոչ շատ ագրեսիվ և էմոցիոնալ հիշատակման ձևերով՝ մահվան վայրում տեղադրովող ծաղկեպսակներով կամ հուշաքարերով, մոմավառություններով և այլն: Սակայն, բռնի մահերը երբեմն առաջացնում են սոցիալական ընդվզում. երբ մահը վեր է հանում որոշակի սոցիալական խնդիր, այն հաճախ վերածվում է ցույցերի, անհնազանդությունների և այլն:

Եթե հոգեբանական ռեակցիայի տեսակետից մահվան այս տեսակները նման են, ապա սոցիալական առումով արձագանքները տարբերվում են: Ամենասուր արձագանքը միշտ առաջանում է սպանությունների դեպքում, մինչդեռ ինքնասպանությունները մնում են ոչ շատ քննարկվող, տաբուացված կարգավիճակում: Հայաստանում ամենաշատ քննարկվողն են սպանությունները, և հատկապես զգայուն է բանակում տեղի ունեցած դեպքերի թեման: Շատ ավելի քիչ է պատահարների քննարկումը, որոնք, մյուս կողմից քանակով էականորեն գերազանցում են մյուս տեսակները: Այս հանգամանքը բացատրվում է մի քանի կետով՝

  • Կառավարելիություն. պատահարները ընկալվում են կառավարելիությունից դուրս գտնվող երևույթ: Պատասխանատվության ագենտը կարծես դուրս է գալի հասարակությունից և տեղափոխվում է կրոնա-մոգական դաշտ, ինչը դրսևորվում է մեքենաներում տարբեր պաշտպանիչ համարվող իրերի առկայությամբ:
  • Նպատակադրություն. սպանության պարագայում հստակ առկա է այն իրագործելու մտադրությունը և այն արդեն կապվում է բարոյական նորմերի հետ: Սակայն, պատահարի դեպքում նպատակադրությունը առաջնայն տեղ չի ստանում:
  • Դևիենտություն. սպանությունը հասարակության նորմերից դուրս է ընկալվում, իսկ մեքենա վարելն ու պատահարի մեջ ընկնելը դուրս չէ գալիս մեր նորմալ վարքագծից:
  • Սոցիալական կիրառելիություն. մեր ժամանակի նորմերը ենթադրում են մեկ կետից մյուս կետ արագ հասնելու անհրաժեշտություն, և անվտանգությունը կարծես զոհաբերվում է արագ տեղաշարժին:

Համեմատության համար՝ Հայաստանում ամեն տարի վթարներից մահանում է մոտավորապես 300 մարդ, ինչը հավասար է մոտավոր 3 Ապրիլյան պատերազմի: Սակայն, պատերազմը մեծ շոկ էր հասարակության համար, իսկ վթարների զոհերի թվին արձագանքն անհամեմատ ավելի քիչ է:

Դիտեք նաև՝

Search