Play Video
Բռնության դրսևորումները բանակում | Յուրի Ավագյան

Հայաստանի Հանրապետությունում բավական դժվար է խոսել բանակում առկա բռնության երևույթների և, առհասարակ, բանակում և բանակային կյանքում առկա խնդիրների մասին: Հասարակության մեջ գրեթե չկան մարդիկ, որոնք չունեն զորակոչված և Հայաստանի սահմանների պաշտպանությանը մասնակցած մտերիմ բարեկամներ կամ զավակներ: Այս հանգամանքը դժվար է դարձնում բանակի խնդիրները հանրայնացնելը, քանի որ դա մեծ հուզականություն է առաջացնում: Մյուս կողմից, խնդիրներ բարձրաձայնող խմբերը հասարակության կողմից արժանանում են խիստ դիմադրության՝ քաղաքական ուղղորդումների, շահարկումների միջոցով: Փորձ է արվել հասկանալ և դասակարգել այն պատճառները, որոնք դրդում են բանակային կյանքում բռնության և քրեական բարքերի տարածմանը:

Դժբախտաբար, 1994թ.-ից սկսած մահացության դեպքերի խրոնիկան ցույց է տալիս, որ հրադադարի խախտման դեպքերից բացի լինում են նաև այլ դեպքեր՝ ինքնասպանություններ, սպանություններ, ինքնախեղման դեպքեր՝ դժբախտ պատահարների և անփությություն: 2018թ. հեղափոխությունը հանրության մոտ դրական փոփոխությունների ակնկալիքներ առաջացրեց, սակայն, 2019թ. և 2020թ. վիճակագրությունը գրեթե անփոփոխ է մնաց. միայն 2020թ. առաջին մեկուկես ամսվա ընթացքում բանակում տեղի ունեցավ 3 ինքնասպանություն և 5 դժբախտ պատահար՝ մահվան ելքով:

Բանակը փակ համակարգ է, սակայն, դրա խնդիրների մի մասը բանակային կյանք են տեղափոխվում քաղաքացիական կյանքից. բանակում առկա մի շարք բացասական երևույթներ արտացոլոմ են հասարակության մեջ առկա տաբուներն ու կարծրատիպերը: Վառ օրինակներից է ոստիկանության և իրավապահ համակարգի նկատմամբ անվստահությունը, որը հիմնականում տարածված է տղամարդկանց միջև և իրական մարտահրավեր է պետության համար, քանի որ մարդկանց ստիպում է ոչ օրինական ճանապարհներով լուծել սեփական վեճերը:

Այս խնդիրները հասկանալու համար անհրաժեշտ է ուսումնասիրել և հաշվի առնել նախազորակոչային տարիքում գտնվող պատանիների մտածելակերպը: Հայաստանում զորակոչվում են 18 տարեկանը լրացած անձինք, որոնք դեռ չեն հասցրել հասկանալ և վերլուծել հասարակության կողմից խրախուսվող դրական վարքաձևերը, իսկ հասարակությունն իր հերթին հաճախ խրախուսում է նաև ոչ նորմատիվ վարքը, որը պարտադրվում է ծառայության մեկնող պատանիներին: Միջավայրի կտրուկ փոփոխությունը, ազատությունների սահմանափակումը, համակեցության նոր կանոնները պատանիներից պահանջում են հարմարվել, սակայն, վերջիններս դրան անպատրաստ են լինում: Այս հարցով առաջին հերթին զբաղվող ինստիտուտը դպրոցն է, հատկապես, 12-ամյա համակարգի պարագայում, երբ շրջանավարտն անմիջապես մեկնում է ծառայության: Դպրոցի սահմաններում այս խնդիրն առաջին հերթին դրված է «Ռազմագիտություն» առարկայի վրա: Այն դպրոցներում անցնում են գրեթե 4 տարի, որի ընթացքում աշակերտները յուրացնում են որոշակի հմտություններ և մեթոդաբանական դասընթացներ: Սակայն, հարց է առաջանում, թե որքանով է այդ առարկան պատրաստում կտրուկ փոփոխություններին և փորձում պայքարել առկա և ակնհայտ խնդիրների դեմ՝ քրեական ենթամշակույթի, կարծրատիպերի, տաբուների և այլն: Դպրոցականների համար ռազմագիտության դասերին մասնակցելու հիմնական հետաքրքրությունը զենքին ծանոթանալն է, որն, իհարկե, անհրաժեշտ գիտելիք է, սակայն բացի հանրակրթության ոլորտը պիտի դիտարկի նաև այն երևույթները, որոնք մարդկանց դրդում են ոչ նորմատիվային վարքի՝ դրա երբեմն ծանր հետևանքներով:

Դիտեք նաև՝

Search