Play Video
Ատելության խոսք | Սարգիս Խանդանյան

Բռնությունից զերծ հանրային հարաբերություններ ձևավորելու գործում առանձնահատուկ նշանակություն ունի խոսքը և խոսքի արժեքը: Պատմականորեն խոսքն օգտագործվել է որպես բռնություն հրահրելու, ատելություն ու թշնամանք քարոզելու և հանրային համերաշխությունը խաթարելու գործիք: Այդպիսի խոսքը բնորոշելու համար միջազգայնորեն ընդունվել է «ատելության խոսք» եզրույթը: Սակայն, նախքան դրա սահմանմանն անդրադառնալը, անհրաժեշտ է հիշել մարդու իրավունքների պաշտպանության երկու հիմնարար սկզբունքի: Առաջինը խոսքի և կարծիքի արտահայտման ազատությունն է. այն երաշխավորված է միջազգային իրավունքով և երկրների հիմնական օրենքներով: Թեև խոսքի ազատությունը ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հիմնասյուներից է, սակայն, այն բացարձակ իրավունք չէ, և երբ հատում է այլոց իրավունքի սահմանը, ենթակա է սահմանափակման: Երկների ներպետական օրենսդրությունները և միջպետական դատական պրակտիկան սահմանել են մի շարք դեպքեր, երբ խոսքի ազատությունը կարող է սահամանափակվել, և դրանցից մեկն ատելության խոսքն է: Երկրորդ հիմնարար սկզբունքը մարդկանց իրավահավասարությունն է և խտրականականության արգելքը, որը ևս միջազգայնորեն երաշխավորված է: Խտրականության բացառման սկզբունքը ենթադրում է անձի իրավունքների և ազատությունների որոշակի բացառման, սահմանափակման կամ նախապատվություն տալու արգելք, երբ դրանք պայմանավորված են մի շարք հատկանիշներով՝ մաշկի գույն, ռասա, կրոն, սեռ, տարիք, ազգություն, քաղաքական կամ այլ հայացքներ, գենետիկական կամ սոցիալական հատկանիշներ, հաշմանդամություն, ծնունդ և այլն: Խոսքով արտահայտված խտրականության դեպքում կարող է սահմանափակվել նաև խոսքի կամ կարծիքի արտահայտման ազատությունը:

Ատելության խոսքի ընդհանուր և միասնական սահմանում չկա. միջազգային կազմակերպությունները, իրավական նորմերը, պետությունները հաշվի են առնում մի շարք չափանիշներ, երևույթներ, իրադարձություններ, որոնք տվյալ պահին ազդում են սահմանման վրա: Միջազգային իրավունքի փաստաթղթերն ու մի շարք սուբյեկտներ տարբեր կերպ են մեկնաբանում ատելության խոսքը՝ հիմքում ունենալով խտրականության բացառման սկզբունքը: ՄԻԵԴ-ը ատելության խոսք է համարում արտահայտման այն բոլոր ձևերը, որոնք տարածում, հրահրում, նպաստում կամ արդարացնում են ռասայական ատելությունը, օտարատյացությունը, հակասեմիթիզմը կամ անհանդուրժողականության վրա հիմնված այլ ձևեր՝ անհանդուրժողականությունը, որն արտահայտվում է ագռեսիվ ազգայնականությամբ կամ էթնոցենտրիզմով, խտրականությամբ և թշնամությամբ՝ փոքրամասնությունների, ներգաղթյալների և ներգաղթյալներից ծագում ունեցող մարդկանց նկատմամբ: Սակայն, հաճախ նորմեր մշակող սուբյեկտները խուսափում են «ատելության խոսք» եզրույթն օգտագործելուց, քանի որ համարում են, որ այն շատ հուզական է և կարող է անհարկի սահմանափակել խոսքի ազատությունը: Այդ դեպքում օգտագործվում են մասնավորեցնող հասկացություններ՝ բռնության կամ թշնամանքի հրահրում, նախապաշարմունքների և բացասական կարծրատիպերի քարոզ և այլն:

Ատելության խոսքը սահմանափակելու և կանխարգելելու մեխանիզմները դիտարկելիս՝ պետք է հաշվի առնել, թե որքան է այդ խոսքը վտանգավոր հանրային համերաշխության համար: Մասնագետներն ատելության խոսքը բաժանում են երեք խմբի՝ խոսք, որը պետք է արգելել օրենքով, խոսք, որը կարող է սահմանափակվել օրենքով և խոսք, որը պետք է պաշտպանել օրենքով: Առաջին կետում են ատելության խոսքի ամենածայրահեղ դրսևորումները՝ ցեղասպանության և մարդկության դեմ այլ հանցագործությունների կոչեր, մարդկանց տարբեր խմբերի նկատմամբ բռնության կոչեր և այլն: Երկրորդ տեղում է պակաս վտանգավորություն ունեցող խոսքը, որը կարող է ըստ տարբեր հանգամանքների սահմանփակվել: Խոսքի այն հատվածը, որը պիտի պաշտպանվի, ունի վտանգավորության ցածր աստիճան կամ վտանգավոր չէ, հիմնված է նախապաշարմունքների և կարծրատիպերի վրա, դրա օրինակ է գեղարվեստական խոսքը, անեկդոտները և այլն:

Վերջին շրջանում «ատելության խոսք» եզրույթի ներքո հաճախ տեղավորում են նաև այնպիսի արտահայտություններ և կարծիքի արտահայտման ձևեր, որոնք որոշակիորեն վիրավորական են կամ դուր չեն գալիս մարդու կամ մարդկանց խմբի: Այնուամենայնիվ, այս դեպքերը չեն պատկանում վերը քննարկված ատելության խոսքի դասակարգմանը: Այդպիսի խոսքի օրինակներից են հայհոյանքը, վիրավորանքը, զրպարտությունը, պատմական դեպքերի ժխտումը և այլն: Սրանք էլ կարող են սահմանափակվել օրենքով, սակայն դրանց հանդեպ կիրառելի չեն ատելության խոսքի կանխարգելման մեխանիզմները: Ատելության խոսքի սահմանափակման ամենախիստ միջոցը քրեական պատասխանատվությունն է: Ժողովրդավարական պետություններում քրեական պատասխանատվության են ենթակա ատելության խոսքի ամենածանր դրսևորուոմները:

Խոսքի ազատությունը կարող է սահմանափակվել միայն մի քանի հանգամանքի առկայության դեպքում: Սահմանափակումները պիտի ճշգրտորեն նկարագրված լինեն օրենքով, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան կարգավորել սեփական խոսքը և վարքագիծը: Սահմանափակումները պիտի ունենան լեգիտիմ և հստակ ձևակերպված նպատակ, օրինակ՝ անվտանգությունը, հասարակական համերաշխությունը, հանրային առողջությունը պահպանելը: Պիտի նաև պահպանվի համաչափության սկզբունքը:

Ատելության խոսքի կանխարգելումը ևս չունի միասնական մոտեցում, բայց գոյություն ունեն որոշակի սկզբունքներ, որոնք պետությունները կարող են հանձն առնել: Առաջին հերթին անհրաժեշտ է ամրապնդել և կատարելագործել ազգային օրենսդրությունները: Օրենքը պիտի երաշխավորի խոսքի և կարծիքի ազատությունը և խտրականության բացառումը: Խոսքի ազատության վերաբերյալ դրույթները չպիտի կրեն հռչակագրային բնույթ, այլ պիտի կոնկրետ օրենքներով երաշխավորեն այն: Օրենքներով պիտի ապահովվի մարդկանց իրավահավասարությունը:

Դիտեք նաև՝

Search