Նեոֆրեյդիստների նոր սերունդը 1950-ական թվականներին՝ Նանդոր Ֆոդորը, Լիտերտ Պիերբոլտեն Հոլանդիայում, օգտագործելով դասական ֆրոյդյան պրակտիկաները, հանգեցին այն մտքին, որ մարդը կարող է հիշել ավելի վաղ անցյալը, ինչն արդեն մարդկային անցյալ էլ չի: Շատերը դա ընկալեցին որպես ծայրահեղ ցնդաբանություն: Իսկ ի՞նչ էին հիշում: Հիշում էին ձվաբջիջը, ձվաբջջի վիճակը, և եթե Ֆրոյդի մոտ այն դեռևս որպես օվկիանոսային բարդույթ էր որակավորվում, հավանաբար, սաղմի վիճակը՝ հիշողությունը ակնկալելով, ապա այստեղ հիշում էին արգանդային ջրերում լողող ձվաբջջի վիճակը: Պացիենտը հիշում է նաև այդ վիճակում ստացած տրավման, ինչը հոգեվերլուծաբանը մեկնաբանում է որպես բեղմնավորման տրավմա, երբ սպերմատոզոիդը մխրճվում է ձվաբջջի մեջ: Այս ամենն անշուշտ ցնդաբանություն կթվար, եթե այս գիրքը չընկներ հայտնի հնդկագետ Կյոյպերի ձեռքը: Նա կարդում է «ցնդաբանական» այս վերլուծությունները, և իր ունեցած առասպելաբանական իմացությունների շնորհիվ այլ բացատրություններ է տալիս՝ հաստատելով գրքում գրվածը: Իսկ նա 20-րդ դարի լավագույն հնդկագետներից էր: Կյոյպերը գրում է մի հոդված՝ «Տիեզերածնությունը և բեղմնավորումը», ուր համեմատում է հոգեվերլուծաբանների մեկնաբանությունը հին հնդկական առասպելում աշխարհի սկզբի մասին եղած պատկերացումների հետ. տիեզերական ձուն՝ հիրանյագարբհան, լողում էր նախնական օվկիանոսում և չուներ հենարան: Ձո
ւն բացվում է, ստեղծվում են երկինքն ու երկիրը, ընդ որում երկիրը չունի հենարան: Ըստ առասպելի՝ Ինդրան իջնում է երկնքից և իր վաջրայով սպանում է մի վիշապօձի (հիշենք մեր Վահագնի առասպելը), որը բոլորված էր երկրին, ապա իր վաջրան այնքան խորն է մխրճում, որ այն հասնում է օվկիանոսի հատակը և ամրացնում երկիրը, այսպիսով այն հենարան է ստանում: Իր նիզակը՝ վաջրան, դառնում է տիեզերական առանցք… Տիեզերքը՝ որպես ձու, օգտագործում էր նաև Գրիգոր Տաթևացին, իհարկե ոչ հնդկական աղբյուրներից, այլ հին հունական, ուր ծով չկար, երկիրն ու երկինքն էին որպես բացված ձու: Ըստ հոգեվերլուծաբանների մեկնաբանության՝ ձվաբջիջը նախ լողում է, որպեսզի կպչի արգանդի պատին, ինչը բեղմնավորումից հետո առաջացող խնդիրն է, ինչպես Ինդրան էր մխրճում իր նիզակը՝ ամրացնելով երկիրը հատակին: Դա երիտասարդ մայրերի՝ այսօրվա ամենադժվար խնդիրներից է առաջին հղիության ժամանակ, որ բեղմնավորված ձուն կպչի արգանդի պատին, որտեղից էլ պորտն է առաջանում, որը հետո պետք է կտրվի: Դրանից էլ ավելի ուշ Նանդոր Ֆոդորը դուրս է բերում մի ուրիշ բարդույթ՝ կաստրացիոն բարդույթը…
Գրականության ցանկ
1. ОттоРанк. Травма рождения и ее значение для психологии. М., 2009.
2. Sándor Ferenczi. Thalassa: А Тheory of Genitality. Albany, Psychoanalytic Quarterly, 1938 (1924).
3. Ф.Б.Я. Кейпер. Космогония и зачатие: к постановке вопроса. – В кн.:Ф.Б.Я. Кейпер. Труды по ведийской мифологии. М., 1986, с. 112-146.
4. В.Н. Топоров. К реконструкции мифа о мировом яйце: (на материале русских сказок). –Труды по знаковым системам. 3. Тарту, 1967, с.64–70.