Ըստ Դյուրկհեյմի՝ հասարակությունը մարդկանց հանրագումարը չէ, այլ ուրիշ մի բան, որը, ճիշտ հակառակը, ազդում է այն մարդկանց վրա, որոնք կազմում են հասարակություն, ուստի նա տարբերակում է երկու տիպի գիտակցություն՝ անհատական և կոլեկտիվ: Դյուրկհեյմն առաջ է քաշում «սոցիալական փաստեր» հասկացությունը: Դրանք հասարակության կողմից ներդրված են հարկադրաբար, ինչը մարդը նույնիսկ չի գիտակցում: Այդ սոցիալական փաստերն են մտածողության, գործունեության և անգամ զգացողության եղանակները, որոնք Դյուրկհեյմը համարում է անհատական գիտակցությունից դուրս:
Դյուրկհեյմն ասում էր՝ եթե մեզ թվում է, թե մարդկային ընտանիքի հիմքում ընկած է յուրաքանչյուր մարդուն հատուկ զգացմունքների արտահայտություն, այդ դեպքում մենք փոխում ենք պատճառը հետևանքով: Ընդհակառակը, ազգակցական հարաբերությունների սոցիալական կազմակերկերմն է պայմանավորում համապատասխան զգացմունքների առկայությունը ծնողների և որդիների միջև…
Հետազոտություններ կան, որ ծիծաղը միայն մարդուն է հատուկ: Միայնակ մարդը չի ծիծաղում, նա սովորում է ծիծաղել հասարակությունում: Երեխան սկզբից չի ծիծաղում, մայրն է իրեն սովորեցնում ծիծաղել: Կենդանիները չեն ծիծաղում, ժպիտը կա, բայց ոչ ծիծաղը: Ծիծաղը սոցիալական փաստ է: Կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք փորձում են ցույց տալ, որ դա միայն մարդուն հատուկ մի բան է՝ ստեղծված կոլեկտիվում: Վյաչեսլավ Իվանովը հարցազրույցներից մեկի ժամանակ քննարկում էր կենդանական աշխարհից մեզ հասած ատամներ ցույց տալը՝ ժպիտը: Կենդանիների մոտ դա ագրեսիվ ժեստ է, նաև պաշտպանական, օրինակ՝ ատամները ցույց տվող կապիկի դեպքում: Ամերիկյան հասարակությանը եթե նայենք, կնկատենք ամեն քայլափոխին ժպտալը, եթե դու աչքերով հանդիպում ես մեկին, համաձայն էթիկայի կանոնների՝ պետք է ժպտալ: Եթե դու ժպտում ես, վտանգ չկա, անգամ եթե անծանոթ ենք: Կենդանական աշխարհում ատամ ցույց տալով պաշտպանում ես, մարդկային աշխարհում, իհարկե, դա վերափոխվել է…
Ըստ Դյուրկհեյմի՝ մարդը լաց է լինում, ոչ թե այն պատճառով, որ վախենում է, այլ վախենում է այն պատճառով, որ լաց է լինում: Այսինքն հասարակությունը մտցնում է մարդու մեջ լաց լինելու պահանջը, որից էլ բխում է իր վախենալը…
Գրականության ցանկ
1. Էմիլ Դյուրկհայմ, Սոցիոլոգիական մեթոդի կանոնները, Ֆրանսերենից թարգմ.` Ս. Խաչատրյան, Եր., Սարգիս Խաչենց և Փրինթինֆո, 2006:
2. Эмиль Дюркгейм. О разделении общественного труда. Метод социологии. М.:Наука, 1991.
3. Emile Durkheim. The Elementary Forms of the Religious Life. London: Allen& Unwin, 1976 (1912) / http://www.social-sciences-and-humanities.com/PDF/The-Elementary-Forms-Of-The-Religious-Life.pdf.