Play Video
13.1
Հակոբ Հակոբյան, «Ազատության հրապարակ, 1988», 2000:

1988 թ. շուրջ ինն ամիս, գտնվելով փողոցներում ու հրապարակում, ես և իմ գործընկերները գրանցում էինք այն ամենը, ինչ տեսնում էինք, ինչպես դա կաներ մի ազգագրագետ, որը հայտնվել էր անհայտ մի ցեղի գլխավոր տոնի ժամանակ: Ես փորձում էի ուսումնասիրել այն հիմնական հակադրությունները, որոնցով կառուցվում էր քաղաքային տեքստը, ճիշտ այնպես, ինչպես Միխայիլ Բախտինը դիտարկում էր միջնադարյան հասարակության վերևն ու ներքևը։

Երևանի համար այդ թվերին կարևոր հակադրություններից էր գյուղ – քաղաք հակադրությունը: Կային բազմաթիվ անեկդոտներ ու ասացվածքներ այդ հակադրության վերաբերյալ, չնայած Երևանը՝ որպես արագ զարգացող քաղաք, որտեղ հին երևանցիների շատ քիչ ընտանիքներ կան, ավելի շուտ հին ու նոր գյուղացիներից է կազմված: Առաջին հենց օրերից վերացավ այս հակադրությունը: Շրջաններից եկան մարդիկ՝ սատար կանգնելու շարժմանը: Որոշ տվյալներով շուրջ 1մլն-ի հասնող բազմություն կար, մինչդեռ քաղաքի բնակչությունը հազիվ 1 մլն-ի էր հասնում: Երբ կոչ արվեց այդ բոլոր եկածներին, որոնցից շատերը ոտքով էին եկել, տեղավորել իրենց տներում գիշերելու, առաջարկություն եղավ հավաքվել մի կոնկրետ տեղում, և ով կարող է, թող տրամադրի քնելու տեղ: Շատ երևանցի էր հավաքվել, ովքեր պատրաստ էին հյուրընկալել, և շատ քիչ էին գյուղերից մեկնածները, ովքեր օթևանելու կարիք ունեին: Սա ազգագրական և սոցիոլոգիական  տեսանկյունից շատ հետաքրքիր փաստ էր, քանի որ վկայում էր, որ եկածների մեծ մասը գտան իրենց բարեկամներին ու համագյուղացիներին, ինչը՝ առանց հատուկ սոցիոլոգիական հետազոտության, ցույց տվեց Երևանի բնակչության նախկին գյուղական ծագումը…

13.2
Լ. Աբրահամյան, «Ապստամբ մարդը» շարքից:

Կառուցվածքային առումով ոչ շատ հիմնարար, բայց զգալի հակադրություններից է առողջ – հաշմանդամ հակադրությունը, ինչը մեր քաղաքում այսօր էլ նոր-նոր է սկսում լուծումներ ստանալ: Բայց այդ օրերին այդ հակադրությունն էլ վերացավ։ Մի դեպք եղավ: Երբ ձայն խնդրեց և լսափողը ստացավ մի հաշմանդամ, ով գետնին համարյա թե հավասար ինքնաշեն արկղ-սայլակով էր շարժվում և բոլորից ցածր էր: Զարմանալիորեն, երբ նրան փոխանցեցին լսափողը, բոլորը պպզեցին՝ կարծես վերացնելով իրենց ոտքերը, որ հավասարվեն այդ անոտ մարդուն, այսինքն սեմիոտիկ տեսանկյունից վերացվեց առողջ – հաշմանդամ հակադրությունը…

Գրականության ցանկ

1. Աբրահամյան Լ. Ծեսը, նախաթատրոնը և Թատերական հրապարակը // Բեմ, 1990, N 1:

2. Աբրահամյան Լ. Քաոսը և կոսմոսը ժողովրդական ելույթների կառուցվածքում. Ղարաբաղյան շարժումը ազգագրագետի հայացքով // Մշակույթ, 1990, N 2-3:

3. Abrahamian, Levon H. The Anthropologist As Shaman: Interpreting Recent Political Events in Armenia // Beyond Boundaries: Understanding, Translation and Anthropological Discourse. Ed. by GisliPálsson. Oxford/Providence: Berg, 1993, pp. 100-116.

4. Ross Crumrine. Ritual Drama and Culture Change // Comparative Studies in Society and History, 1970, 12 (4), pp. 361-372.

5. Abrahamian, Levon. Armenian Identity in a Changing World. Costa Mesa, CA, 2006: Mazda Publishers, Inc., Ch. 11.

Դիտեք նաև՝

Search