…Կին – տղամարդ հակադրությունը հանդիպում է նաև կառնավալում, որն արտահայտվում է տրավեստիզմի ձևով՝ շորերը փոխելով, ինչը կարելի է տեսնել հայկական հարսանյաց որոշ ծեսերում, որոշ շրջաններում` հատուկ ծիսականացված և հանդիսավոր ձևով, չնայած ծիծաղաշարժությունն էլ իր մեծ դերն ունի այդտեղ: Այդպես, օրինակ, Ստեփան Լիսիցյանը նկարագրում է Զանգեզուրի անձրևաբեր ծեսը, որի ժամանակ կանայք տղամարդու շորեր են հագնում: Ծիծաղաշարժությունը հետազոտողների կողմից երբեմն մատնվել է անուշադրության, թեև Խանփաշան նկարագրելիս՝ Բդոյանն ասում է, որ «համարյա թե մեռան ծիծաղից»…
Կառնավալում արտահայտված է շատ կարևոր մի բան՝ բոլորի մասնակցությունը: Պետք է ամբողջ հասարակությունը մասնակցի դրան: Տոն է, որին բոլորն ուզում են մասնակցել: Երբ դու լսում ես թմբուկի ձայնը կամ շեփորի կանչը և չես դիմանում ու գնում ես, միանում ժողովրդին: Մարդաշատությունը իսկական կառնավալի բաղկացուցիչ կարևոր մասն է: Այսօր մենք տեսնում ենք կառնավալի խտացված ձևը կրկեսում, ուր գլխավոր հերոսը ծաղրածուն է, և ծաղրածուն անում է այն, ինչ այն ժամանակ անում էին բոլորը: Եվ հիմա պետք է գնաս, մի շենքում տեսնես, դուրս գաս, մինչդեռ այն ժամանակ դա կատարվում էր գլխավոր հրապարակում…
Բոլորի մասնակցությունը, մասսայականությունը, զանգվածային տոնը նախնադարյան այդ տոնի ևս շատ կարևոր կետերից է: Առաջ է գալիս մի բանաձև, որ մենք այսօր էլ տարբեր առիթներով կիրառում ենք. պետք է պարտադիր կերպով բոլորը ներկա լինեն: Օրինակ՝ այսօր ամերիկյան հասարակությունում, ուր ընտանեկան հարաբերություններն այնպիսին են, որ չես կարող ամեն օր հավաքվել, և դա չի էլ մտնում ամերիկյան արժեքների մեջ, բայց մեկ-երկու տոն կա, որին պարտադիր ամբողջ ընտանիքը պետք է ամեն ինչ թողնի ու գա, մասնակցի: Այդ տոներն են Գոհության օրն (Thanksgiving day) ու Սուրբ Ծնունդն է: Արխայիկ տոներ կան, որ միայն անունն արդեն հուշում է, որ լրիվ համակարգ պետք է լինի: Օրինակ՝ Պանսպերմիայի վերապրուկը կամ այսօրվա արտահայտությունը կարող ենք անուշապուրում կամ ամանորյան աղանձում տեսնել, որտեղ տարբեր ընդեղեններ են օգտագործվում։ Շատ դեպքերում ասում են, որ պետք է լինի յոթ բաղադրիչ, քառասուն բաղադրիչ, դրանք սրբազան թվեր են, որ ցույց են տալիս, որ լրիվ թվով են: Ոչ թե բազմամարդություն է պետք, այլ հարկավոր է, որ բոլորը ներկա լինեն…
Զարմանալի է, բայց նախատոնի կորիզն է մահը: Պարզվում է, որ չկա այնպիսի մեծ, իսկական տոն, ուր մահը ներկա չլինի՝ ռեալ կամ սիմվոլիկ: Այսպես, Ավստրալական նմանատիպ շատ տոների ժամանակ թաղման ծեսի վերջնական մի ծես է կատարվում մահացածի ոսկորներով, որը բուն թաղումը չէ․ ոսկորները՝ հանված գերեզմանից, չորացրած, փայլեցրած, ման են ածում իրենց հետ՝ ի նշան, որ մեռյալն իրենց հետ է, մահը կա և կազմում է առանցքը: Եվ եթե ոչ կոնկրետ մահ, ապա սիմվոլիկ մահ նույնպես կարող ենք գտնել: Օրինակ՝ այդ տոների ժամանակ է տեղի ունենում տղաների նվիրագործման ծեսը, որը սիմվոլիկ մահ է և վերածնունդ… Նաև տարբեր առասպելաբանական իրողություններում, ինչպես օրինակ՝ առաջին զոհից բացվում-ծավալվում է տիեզերքը (Ռիգվեդայում)․․․
Գրականության ցանկ
1. Л. А. Абрамян. Первобытный праздник и мифология. Ер.,1983.
2. А. М. Золотарев.Родовойстрой и первобытная мифология. М.,1964.
3. Вяч. Вс. Иванов, В. Н. Топоров.Славянские языковые моделирующие семиотические системы. М.,1965.
4. Рене Жирар. Насилие и священное. М., 2000.
5. Violent Origins: Walter Burkert, René Girard, and Jonathan Z. Smith on Ritual Killing and Cultural Formation. Stanford, CA, 1987.