Քաղաքը միջնադարում և ռենեսանսի ժամանակ նկարիչները վերևից էին տեսնում/նկարում: Օգտվելով Բոդրիարի տերմինից՝ դա սիմուլյակր է՝ կեղծ պատկեր: Ընդհանրապես մարդիկ, որոնք իրենց ամենօրյա գործերով ստեղծում են քաղաքի տեքստը, իրենք չեն կարող կարդալ այդ «տեքստը»: Հետո միայն գալիս է հետազոտողը, որ կարողանում է այդ տեքստը կարդալ՝ ուսումնասիրելով առօրեականությունն ու ամենասովորական մարդուն:
Այն, ինչ դու ներքևից չես տեսնում, ուսումնասիրում է միկրոպատմությունների ուղղությունը, որի ամենափայլուն ներկայացուցիչը, կարծում եմ, Կառլո Գինզբուրգն է: Նա բերում է Ալբրեխտ Ալտդորֆերի՝ 1529 թ. ստեղծված մի պատկեր՝ «Ալեքսանդրի ճակատամարտը Դարիուսի հետ Իս գետի մոտ»: Այնպիսի տպավորություն է, որ այդ ճակատամարտը կարծես արծվի հայացքով է տեսած: Բայց արծիվը նաև մանր բաներն է նկատում, ուստի և կարողանում է որսալ: Նկարում մանրամասն նկարագրված են զրահների շողքերը, լույսի խաղերը, սպիտակ փետուրներ են երևում, մանրամասներով սարերն են երևում, լուսինը մայր է մտնում, արևը դուրս է գալիս հորիզոնից: Կարծես դու ունես այն, ինչ մի վայրկյան է տեղի ունենում, և այն, ինչ մոտոնում է անվերջության: Եվ այդ ամենը մի նկարում: Այդ մանրուքները կարելի է համեմատել միկրոպատմությունների հետ, որոնք պետք է ուսումնասիրել այնպիսի մանրամասնությամբ, ինչպիսին կուսումնասիրի այսօրվա ազգագրագետը:
…Կառլոս Կաստանեդան ամերիկացի ազգագրագետ էր, որը գնում է մի հնդկացի շամանի մոտ գիտական հետազոտություն կատարելու: Հետո հրապուրվում է լսածով և գրում է իր «Դոն Խուանի ուսմունքը» հայտնի գիրքը, այնուհետև շարունակում է գրքեր գրել, ուր կարծես Դոն Խուանն ու ուրիշ հոգևոր իմաստուններ պատմում են յակի հնդկացիների գաղտնի գիտելիքները, որոնք հոգևոր իմացություն են տալիս մարդուն, և կան արդեն կրոնական աղանդներ հիշեցնող խմբեր, որոնք Կաստանեդայի գրածներն են կարդում՝ որպես սրբազան գրքեր: Այսինքն ազգագրագետի գիրքը դառնում են սրբազան…
Գրականության ցանկ
1. Мишель де Серто. Изобретение повседневности. 1. Искусство делать. СПб., 2013.
2. Карло Гинзбург. Микроистория: две-три вещи, которые я о ней знаю. – В его кн.: Мифы – эмблемы – приметы. Морфология и история. Сборник статей. М., 2004, с. 287-320.
3. Карло Гинзбург. Сыр и черви. Картина мира одного мельника, жившего в XVI в. М., 2000.
4. Карлос Кастанеда. Учение дона Хуана: Путь знания индейцев яки (Կաստանեդայի ուրիշ գրքերը տե՛ս. http://ukastanedy.ru/?page_id=263)