
50-ական թվականներին, երբ մտածում էին գիտական լեզուն փոխել՝ ընտրելով չեզոք մի լեզու, որպեսզի միայն անգլալեզու կամ ֆրանսալեզու չլինի և մեծ երկրների լեզուն չճնշի, Մարգարեթ Միդն առաջարկեց հայերենը: Ճիշտ է, հետո պարզվեց, որ փեսան հայ էր…
Մարգարեթ Միդը շատ լուրջ տեղ ու դեր ունի ազգագրության մեջ: Մարգարեթ Միդը ամերիկացի հայտնի ազգագրագետ Ֆրանց Բոասի աշակերտուհին էր: 1925 թ. նա վեց ամիս անց է կացնում Արևելյան Սամոայում: Մինչև մեկնելը երկար ժամանակ սովորել էր նրանց լեզուն, որպեսզի կարողանար հարցազրույցներ անել, նյութեր հավաքել: 23-ամյա Մարգարեթը հարցազրույցներ է վերցնում 8-20 տարեկան 68 աղջիկներից, արդյունքում 1928 թ. լույս է տեսնում «Հասունացումը Սամոայում» գիրքը, որը դառնում է բեսթսելլեր: Գիրքն ուներ ռոմանտիկ և էրոտիկ շերտ, ինչն էլ շատ հետաքրքրեց ընթերցողներին: 1956 թ. «Նյույորքեր» ամսագրում մի ծաղրանկար են հրապարակում, որտեղ տոհմապետն իր ցեղի տղաներին բաժանում է Մարգարեթ Միդի գիրքը՝ ասելով, որ սա կարդացեք` ամեն ինչ կիմանաք: Ահա այդքան արժեքավոր և հայտնի գիրք էր: Համբավը շարունակվում է մինչև 1983 թ. (Մարգարեթ Միդը մահանում է 1978 թ.), երբ հրապարակվում է մի գիրք, որի հեղինակը՝ Դերեք Ֆրիմանը, ապրում էր Ավստրալիայում, Միդի երկրպագուներից էր և երկար ժամանակ կասկածել է, հրապարակել իր գիրքը, թե՝ ոչ: Նա ուսումնասիրել էր Սամոան շուրջ 40 տարի, իսկ 6 տարի անընդմեջ ապրել Սամոայում: Նրա գիրքը կոչվում էր «Մարգարեթ Միդը և Սամոան. մի ազգագրական առասպելի ստեղծում և դիմակազերծում»…

Զարմանալի մի դեպք եմ ուզում պատմել, որը բացառիկ է և, երևի թե, չի էլ կրկնվել: Խոսքը Նիկոլայ Միկլուխո-Մակլայի մասին է, ով 19-րդ դարի վերջին հաստատվում էր Նոր Գվինեայում: Մեկ անգամ նա մի գյուղից, որտեղ իրեն արդեն գիտեին, գնում է մեկ ուրիշ գյուղ: Ճանապարհին շրջապատում են նիզակներով զինված մարդիկ, և վերջը, կարծես, գալիս է: Չգիտեն՝ ով է, սպիտակ մարդ են գտել, գլխի որսն էլ տարածված էր, առանձնապես բարձրարժեք էր սպիտակ մարդկանց գլուխը: Ի՞նչ անել: Նա անում է մի անսպասելի բան. պառկում է և քնում: Սրանք մոտենում են ու տեսնում՝ իսկապես քնած է, ձև չի անում, ստուգում են, տեսնում՝ զենք չունի, և շատ շուտ ընկերանում իր հետ: Ասում են՝ մինչ այսօր մի ծես են կատարում այնտեղ` այդ զարմանալի իրադեպը խաղարկելով:
Գրականության ցանկ

1. М. Мид. Культура и мир детства. М., 1988, http://lib.uni-dubna.ru/search/files/ps_
mid_kult/~ps_mid_kult.htm
2. Derek Freeman. Margaret Mead and the Heretic. The Making and Unmaking of an Anthropological Myth. Penguin Books, 1996 (1983).