Բրազիլիայի բորորո ցեղի տոտեմը կարմիր թութակ արարան է, և նրանք համարում են, որ մահից հետո դառնում են կարմիր թութակ: Եվ երբ Սմիթը հարցնում էր նրանց, թե դուք ո՞վ եք, ստանում էր պատասխան՝ արարա ենք: Այստեղ էլ Լևի-Բրյուլն իր ենթադրություններն է անում, որ բնիկները չեն տարբերում տոտեմն իրենցից: Սակայն, եթե այսօրվա ազգագրագետը նույն բորորոյին հարցներ և պատասխանը մեկնաբաներ այլ հարցեր տալուց հետո, արդյո՞ք նա կհանգեր նույն հետևություններին, ինչ Լևի-Բրյուլն է արել: Այսօր եթե դա հարցներ Ռոջերս Բրուբեյկերը կամ Կուպերը, որոնք ինքնության պատկանելության տեսությունն են զարգացրել, կասեին, որ սա դասական պատկանելության մոդել է. նա ասում է, որ պատկանում է արարա տոտեմին, չի ասում, որ ես հենց թութակ եմ, ինչպես ընկալում էր Լևի-Բրյուլը:
Շատ ավանդական հասարակություններում թվերը ոչ թե հաշվում են, այլ հիշվում են, այսինքն գործում են ուրիշ տրամաբանությամբ: Եթե տրամաբանական հաշվելուն անհրաժեշտ է 1-ը և գումարած գործողությունը, մենք կստանանք ամբողջ թվերը, խոսքն, անշուշտ, պարզ թվերի մասին է: (Օր.՝ 1+1=2, 2+1=3…) Պարզվում է՝ նախնադարյան կամ ավանդական հասարակություններում հաշվում էին զույգերով, տասնյակներով, թվում է, թե օգտագործում են վերացական, աբստրակտ թվեր, օրինակ յորուբաների մոտ: Սակայն, եթե գնաս իրենց շուկան, ապա կտեսնես, թե ինչպես են նրանք այդ թվերի հետ գործողություններ կատարում: Նրանց մոտ, օրինակ՝ 11-ը դա 10+1 է, 15-ը՝ 10+5, բայց 16-ը՝ 20-4, 19-ը՝ 20-1, 70-ը՝ 4×20-10: Սա գալիս է շատ պարզ բանից. իրենց հաշվի հիմքում ընկած էին կաուրի խեցիները, որոնք դրամի համարժեքն էին և շուկայում դրված էին փոքր խրձերով՝ 5, 20, 200, իրենց հեշտ էր մի խուրձից հանել 2-ը, ավելացնել որքան հարկավոր է և ստանալ թվերն այնպես, ինչպես որ ընկալում էին վիզուալ ձևով: Ի դեպ, սա շատ նման է հռոմեական թվերին. 1, 2, 3-ը ավելացնում ենք մի-մի հատ խազերով, այնպես, ինչպես բանտում՝ նշում են ամեն օրը մի խազ դնելով՝ I, II, III: Բայց ահա 4-ը 5-1 է՝ IV, 9-ը՝ 10-1՝ IX, և այդպես կառուցվում է ամբողջ թվային շարքը: Միգուցե սա գալիս է ձեռքից, որովհետև հիմքը՝ 5-ն ու 10-ն են, մարդն էլ շատ հաճախ իր մարմնով է ստեղծում թվային աշխարհը, և մատների վրա հաշիվը շատ արխայիկ է…
Գրականության ցանկ
1. Люсьен Леви-Брюль. Сверхъестественное в первобытном мышлении. М., 1994, – http://log-in.ru/books/sverkhestestvennoe-v-pervobytnom-myshlenii-levi-bryul-lyusen-socsialnaya-psikhologiya/#read
2. Люсьен Леви-Брюль. Первобытный менталитет. СПб., 2002.
3. Люсьен Леви-Брюль. Первобытное мышление. Психология мышления. М., 1980.Л. С.
4. Лев Выготский. Мышление и речь. Изд. 5. М., 1999, – http://www.klex.ru/t4
5. Claude Lévi-Strauss. La Pensée sauvage. Paris, 1962 (рус. пер. Неприрученная мысль, 1994; Первобытное мышление,1999).
6. Левон Абрамян. Беседы у дерева. М., 2005.