

Նվիրելը կամ որևէ բան տալը նշանակում է վերացնել այդ բանը: Հյուսիսային Ամերիկայի հյուսիս-արևմտյան շրջանի ծովափնյա ժողովուրդներից ցիմշիանները դա բառացի էին ընկալում, և երբ հյուրերը տարբեր տեղերից գալիս էին նավակներով՝ մասնակցելու «պոտլաչ» արարողությանը, հարձակվում էին նավակների վրա, ծակում ու խորտակում, բայց դրանց փոխարեն տալիս էին ավելի լավ նավակներ: Երբեմն իրենց խնջույքների ժամանակ վառում էին սեփական տները, թանկարժեք ծածկոցները՝ ի նշան այն բանի, որ իրենց ոչինչ պետք չէ: Իսկ ամենաթանկարժեք իրը՝ պղնձե բլիթները, որ դրամի դեր էին կատարում, նետում էին ծովը: Այդ մեծ խնջույքի ժամանակ իրենք ծախսում էին ամբողջ ունեցվածքը՝ հյուրին պատվելու համար: Ֆրանց Բոասը փայլուն կերպով ցույց է տալիս, որ այն հասարակություններում, որտեղ դեռ գիր չկար, սա վարկի առաջին օրինակն է:
Պրեստիժային խնջույքներ նկարագրվեցին Պոլինեզիայում, Մելանեզիայում, Ավստրալիայում, ուր անգամ մի ասացվածք կա՝ մի նիզակը տալիս ես, երկուսը՝ ստանում: Այսինքն՝ միշտ հաշվի է առնվում այն փաստը, որ դու տալով՝ ստանում ես ավելին: Եվ դրա մեջ է փոխանակման տրամաբանությունը: Առանց փոխանակման ոչինչ չի ստացվի: Նկարագրվում են նույնիսկ մեզ համար անհեթեթ թվացող դեպք, երբ, օրինակ՝ Ավստրալիայում եվրոպացի եկվորը տեղաբնիկ երկու եղբայրներին նվիրում է թանկարժեք բլիթ-թութուն, այն կիսելով նրանց մեջ երկու մասի: Եղբայրներն իրենց հասանելիք կտորները իսկույն իրար մեջ փոխանակում են:
Գրականության ցանկ

1. М. Мосс. Очерк о даре // Мосс М. Общества. Обмен. Личность: Труды по социальной антропологии. М., 1996, с. 83-222.
2. Жан Бодрийяр. Символический обмен и смерть. М., 2000.
3. A.P. Elkin. The Kopara: The Settlement of Grievances // Oceania, 1931, Vol. II, No. 2, pp. 191-198.
4. Lewis Hyde. The Gift: Imagination and the Erotic Life of Property. N.Y.: Vintage Books, 1983.
5. Бронислав Малиновский. Избранное: Аргонавты западной части Тихого океана. М., 2004.