Play Video
Թեմա 19. Երկու տիպի ինքնասպանություն. Լևոն Աբրահամյան
19.2
ծաղրանկարը՝ Պավել Ջանգիրովի

Հասարակությունն ամեն ինչ անում է, որ մարդն ինքնասպան լինի, միաժամանակ թույլ չի տալիս: Օր.՝ էվթանազիայի իրավունք շատ քիչ տեղերում կա: Մեր երկրում չկա, և նման բան անելու դեպքում հայ ավանդական հասարակությունը քեզ անգամ գերեզմանոցից դուրս կթաղեր: Քրիստոնեությունը չի ընդունում ինքնասպանությունը՝ մեկնաբանելով այն տարբեր ձևերով՝ դու չես տվել քեզ կյանք, հետևաբար իրավունք չունես այդ թելը կտրելու և այլն: Սրան էլ հակադարձում են, թե միգուցե սա ճակատագիր է, և հենց Աստված է այնպես արել, որ մարդն այդ ճակատագիրն ունենա և ինքնասպան լինի: Ահա նմանատիպ սխոլաստիկ խնդիր է, բայց փաստն այն է, որ այսօրվա հասարակությունը թույլ չի տալիս, որ մարդն ինքնասպան լինի:

Սովետական շրջանում պարտիական աշխատողները՝ կուսակցականները, ամենատարբեր պատճառներով ինքնասպան էին լինում (նրանց սթրեսային վիճակը բավականին բարձր էր), բայց դրա մասին չպետք է խոսվեր: Եթե որևէ հայտնի մարդ ինքնասպան էր լինում, դրա մասին ոչ միայն չպետք է գրվեր, այլև լուրը պետք է կոծկվեր, գրվեր մեկ այլ բան: Հենց այդ պատճառով էլ Խանջյանի ինքնասպանությանը մարդիկ չհավատացին: Այժմ մի խմբով ուսումնասիրում ենք ստալինյան բռնաճնշումների առօրյան Հայաստանում: Բացահայտել ենք դեպքեր, երբ մարդուն ձերբակալել են միայն նրա համար, որ ասել է, թե Խանջյանին սպանել են, այլ ոչ թե ինքնասպան է եղել: Նման մարդու ինքնասպանությունն անհավատալի էր, և քանի որ դու չես հավատում, քեզ ձերբակալում են…

19.3
ծաղրանկարը՝ Վիկտոր Բոգորադի

Դեռ հին աշխարհից գիտենք, որ ծերերը պետք է ինքնասպան լինեին: Սպարտայի օրինակը չբերենք, քանի որ այստեղ մեծ մասամբ սպանում էին, այլ ոչ թե ինքնասպան լինում: Ճապոնիայում, օրինակ, դա շատ էր տարածված: «Լեգենդ Նարոյամայի մասին» ֆիլմը, որն, ի դեպ, Կաննի փառատոնում ժամանակին մի շարք մրցանակներ էր շահել, հենց այդ թեմային է անդրադառնում: Ֆիլմում պատմվում է Ճապոնիայի լեռներում ծվարած փոքրիկ գյուղի մասին, ուր ծերերի ատամների թափվելը նշանակում էր, որ նրանք ծերացել են, և քանի որ ծերերին պահելու համար գյուղը շատ խեղճ էր, ծերերը բարձրանում էին մի լեռ, որտեղ այդ Նարոյամա աստվածն էր, և այնտեղ սովամահ էին լինում: Հերոսուհին մի կին է, որի ատամները չեն թափվում: Անչափ դրամատիկ է այն պահը, երբ ծեր կինն ինքն է կոտրում իր ատամը՝ ցույց տալու համար, որ պառավել է… Ահա սա ինքնասպանություն է, որը հասարակությունը պարտադրում է իրեն անել: Նա չի կարող դա չանել:

Թագավորների գերեզմանի մոտ արված ինքնասպանությունները շատ ընդունված էին, թեև դրանք հիմնականում սպանվածներ էին, օր.՝ Ֆիջիում հատուկ գերիների էին պահում, որոնց սպանում էին թագավորի թաղման ժամանակ՝ որպես զոհաբերում: Թեև ինքնասպան լինողներն էլ քիչ չէին: Մեզ ամենամոտ օրինակը Խորենացու բերածն է՝ Արտաշեսի մահվան, երբ այնքան մարդ է ինքնասպան լինում, որ որդին նեղսրտում է…

19.1
Լևոն Աբրահամյան, «Գանձ» շարքից

Այսօր ինքնասպանությունը դարձել է մի զենք, որի դեմ շատ դժվար է պայքարել… Մաքուր ալտրուիստական ինքնասպանության առաջին օրինակը կատարեց պաղեստինցի մի կին, որ սպիտակ շորեր հագած՝ կատարեց տեռորիստական այդ ակցիան և տղամարդկանց պես «հայտնվեց» մուսուլմանական դրախտում, ինչից հետո սկսվեցին մասսայական ինքնասպանությունները՝ դառնալով պատերազմի առօրյա: Սա միշտ չի, որ մաքուր ալտրուիստական է: Լինում են և պարտադրված դեպքեր: Չեչենական պատերազմներում հայտնի են դեպքեր, երբ երիտասարդ կինը ստիպված էր դառնալ շախիդ, քանի որ նրանք, որպես կանոն, բռնաբարված կանայք էին, և ինքնասպան չլինելու պարագայում դառնալու էին հասարակությունից դուրս գտնվողներ՝ պոռնիկներ…

Գրականության ցանկ

1. Эмиль Дюркгейм. Самоубийство: Социологический этюд.СПб., 1998.

2. Н.Б. Лебина. Повседневная жизнь советского города: нормы и аномалии. 1920–1930 годы. СПб., 1999, с. 104-16.

 

Դիտեք նաև՝

Search