Լեզուն ուրիշի լեզուն է: Քո լեզուն դառնում է լեզու, երբ դու իմանում ես, որ կան ուրիշ լեզուներ: Ստացվում է, որ ինչ-որ լեզու է, որ ես չեմ հասկանում: Օր.՝ գերմանացուն ռուսներն անվանում են немец, немой- համր: Նա խոսում է, բայց քանի որ ես չեմ հասկանում իրեն, ասում եմ, որ նա համր է, չի կարող խոսել: Դրանից մի քայլ այն կողմ անասունն է՝ նույն ձևով կառուցված մի բառ:
«Բարբարոս» բառը հունարեն ծագում ունի, նշանակում է ոչ հույն, այլազգ, օտարազգի, վայրենի: Այս բառը կրկնությամբ կառւցված բառերի շարքում է, նմանօրինակ կառուցված բառեր են մրթմրթալը (բարբարոս կարելի է թարգմանել մրթմրթացող, անհասկանալի խոսացող), բարբաջը, բարբաջանքը, կակազելը և այլն: Փաստորեն նմանակվող բառեր են և գլխավորը՝ կրկնության հիմքով են կառուցվում, և կրկնությունն էլ ցույց է տալիս անհասկանալի մի բան՝ վերաբերող լեզվին: Եվ այդ լեզվով խոսում են նրանք, ովքեր մեզանից դուրս են գտնվում…