Օպտիկայի երկրաչափական կամ ճառագայթային տեսությանը հաջորդեց ալիքային օպտիկան, որն արևմտյան գիտական գրականության մեջ հիմնականում անվանվում է ֆիզիկական` ընդգծելով այն փաստը, որ երկրաչափական օպտիկան ավելի շատ մաթեմատիկական տեսություն է` հիմնված մի քանի փորձարարական փաստի վրա: Ալիքային օպտիկան շավ ավելի նուրբ և բարդ երևույթներ է ուսումնասիրում, մասնավորապես`
- Լույսի բևեռացում
- Լույսի դիֆրակցիա
- Լույսի ինտերֆերենցիա
Դիֆրակցիան և ինտերֆերենցիան ինչ-որ առումով միևնույն երևույթների տարբեր արտացոլումներ են և պայմանավորված են այն հանգամանքով, որ ալիքները որոշակի արգելքների հանդիպելիս ի վիճակի են դրանք շրջանցել և տարածվել արգելքների ետևում: Բևեռացման երևույթը զուտ ինտուիտիվ կերպով օգտագործում էին դեռևս վիկինգները` ամպամած եղանակին իսլանդական սպաթի միջոցով արեգակի հայտնաբերման համար: Ալիքային օպտիկան մեծ քանակի ինֆորմացիա տվեց, և թվում էր, թե օպտիկական երևույթներն արդեն կարելի է այդ ընդհանուր տեսության միջոցով բացատրել: Սակայն իրավիճակն այդքան էլ պարզ չէր:
1887 թվականին գերմանացի ֆիզիկոս Հայնրիխ Հերցն իր լաբորատորիայում նկատում է մի չափազանց հետաքրքիր փաստ. ուլտրամանուշակագույն ճառագայթման արդյունքում մետաղյա թիթեղը սկսում է լիցքավորվել. դրական լիցք է ձեռք բերում: Հասկանալի էր, որ դա պայմանավորված է հետևյալ հանգամանքով. եթե մինչև ճառագայթումն այդ թիթեղը լիցքավորված չէր, ապա ճառագայթման հետևանքով ինչ-ինչ պատճառով բացասական լիցքը(Էլեկտրոնները) թողնում է մակերեսը և արդյունքում մնում է դրական լիցքը (սա հետագայում անվանվեց ֆոտոէֆեկտ կամ լուսաէֆեկտ): Թվում էր, թե այդ երևույթը հանգիստ կարելի էր բացատրել դասական էլեկտրադինամիկայի շրջանակներում: Սակայն առաջանում էր մեծ խնդիր փորձի և տեսական հաշվարկների միջև: Բացի այդ, կար ևս մի կարևոր փորձնական արդյունք, որը նույնպես էապես հակասում էր դասական էլեկտրադինամիկայի մոտեցմանը` բացարձակ սև մարմնի ճառագայթումը, երբ ջերմային ճառագայթումը իրականացնող մարմինը որոշ ժամանակի ընթացքում գալիս է ջերմային հավասարակշռության շրջակա միջավայրի հետ, և մյուս մարմինների ջերմաստիճանը դադարում է աճել:
Քվանտային ֆիզիկայի հիմնադիր Մաքս Պլանկը մի գերմանական ընկերության մասնավոր, կոմերցիոն խնդիր լուծելիս ստեղծում է տեսություն, որի շրջանակներում ենթադրում է, որ այդ ճառագայթումը պետք է ընկալել որպես ընդհատ փուլերով իրականացվող` ի հակառակ ընդունված անընդհատ տարբերակին: 1900 թվականին Մաքս Պլանկը ցույց է տալիս, որ ճառագայթման քվանտը ներմուծելով` հնարավոր է լիարժեք լուծել սև մարմնի ճառագայթման խնդիրը: Պլանկի գաղափարների հիման վրա 1905 թվականին Ալբերտ Այնշտայնը ենթադրում է, որ ոչ միայն ճառագայթումը, այլև կլանումը կարող է տեղի ունենալ մասնիկների միջոցով, որոնք քիմիկոս Հիլբերտ Լյուիսն անվանեց ֆոտոններ: Չնայած գիտական հանրույթի կողմից ոչ միանշանակ ընդունելությանը` 1921 թվականին լուսաէֆեկտի տեսության համար Ալբերտ Այնշտայնն արժանանում է Նոբելյան մրցանակի: Լույսը դառնում է այն հիմնական աղբյուրը, որի շնորհիվ մարդիկ կարողանում են քայլ կատարել դասական աշխարհից դեպի քվանտայինը: