Play Video

Մագնիսականության ուսումնասիրությունը պատմականորեն սկիզբ է առնում 13-րդ դարում: Ֆրանսիացի ֆիզիկոս Պետրուս Պերեգրինը պողպատե ասեղների միջոցով փորձում է ուսումնասիրել, թե ինչպիսի տեսք ունեն գնդաձև մագնիսի մագնիսական գծերը, և բացահայտում, որ այդ գծերը հատվում են երկու կետում, որոնք նա անվանում է մագնիսի բևեռներ։ Մագնիսական հատկությունների հետևողական ուսումնասիրությունը սկսում է Ուիլյամ Գիլբերտը, որը 1600 թվականին տպագրում է մի տրակտատ` «De magnete», որտեղ առաջին անգամ ներմուծում է բևեռների գաղափարը։ Գիլբերտը նաև հասկանում է, որ երկրագունդը նույնպես իրենից ներկայացնում է մի հսկայական գնդաձև մագնիս։

Այս հետազոտություններն ի սկզբանե կրում էին որակական բնույթ: Քանակական տեսությունը սկսում է զարգացնել Սիմեոն Պուասոնը, որը ներմուծում է մագնիսական լիցքերի գաղափարը: Տարիներ անց Հանս Քրիստիան Էրստեդը հայտնաբերում է մագնիսական սլաքի վրա էլեկտրական հոսանքի ազդեցության փաստը, որտեղից պարզ է դառնում, որ մագնիսական դաշտի աղբյուրներ կարող են հանդիսանալ ոչ թե մագնիսական լիցքերը, ինչպես մտածում էր Պուասոնը, այլ մագնիսական հոսանքները:

Այնուհետև Անդրե Մարի Ամպերը հայտնաբերում է, որ եթե իրար կողքի կան երկու ճկուն հաղորդալարեր, որոնցով անցնում են միևնույն ուղղությամբ ուղղված հոսանքներ, ապա այդ հաղորդալարերը միմյանց ձգում են: Դեռ ավելին, բավական էր փոխել հոսանքներից մեկի ուղղությունը, և առաջանում էին վանողական ուժեր: Եթե Կուլոնի ուսումնասիրությունների համատեքստում հնարավոր էր բացատրել վանողականությունը, ապա մի փաստ մնում էր անհասականալի. ինչու՞ էր մի ուղղությամբ հոսանքների դեպքում վանողականությունը վերափոխվում ձգողականության: Հասկանալի էր, որ գիտնականները գործ ունեին բոլորովին նոր մատերիայի, նոր տիպի դաշտի հետ, որն ի տարբերություն էլեկտրական դաշտի` ստեղծվում էր շարժվող էլեկտրական լիցքերի կողմից: Այդ մատերիան անվանվեց մագնիսական դաշտ:

Մագնիսական դաշտի առաջացման խնդրին ավելի խորքային մոտեցման դեպքում, մի կարևոր հանգամանք է նկատվում․ եթե մագնիսը հոսանքների արդյունք է, ապա իր հերթին մագնիսական դաշտը ստեղծվում է այդ հոսանքների միջոցով։ Մյուս կողմից, հոսանքն իր հերթին առաջանում է էլեկտրական դաշտի շնորհիվ, որովհետև նույն էլեկտրական դաշտն է ստիպում, որ լիցքակիրները կատարեն ուղղորդված շարժում։ Էլեկտրական դաշտն, ըստ էության, ստեղծում է մագնիսական դաշտ, հետևաբար այդ դաշտերի միջև գոյություն ունի որոշակի կապ, որը բնութագրվում է էլեկտրադինամիկա բառով։ 19-րդ դարի առաջին կեսին Մայքլ Ֆարադեյն իր առջև դնում է մի կարևորագույն խնդիր․ եթե էլեկտրական դաշտը հանդիսանում է մագնիսական դաշտի աղբյուր, արդյո՞ք հնարավոր է այնպիսի իրավիճակ ստեղծել, երբ մագնիսական դաշտը կհանդիսանա էլեկտրական դաշտի աղբյուր։

Դիտեք նաև՝

Search