Play Video

Էլեկտրական երևույթները մանրամասն ուսումնասիրելիս գիտնականները եկան շատ կարևոր եզրահանգման․ էլեկտրական հոսանքը կարող է հանդիսանալ մագնիսական դաշտի աղբյուր։ 1820 թվականին դա հաստատեց դանիացի ֆիզիկոս Հանս Քրիստիան Էրստեդը՝ նկատելով, որ մագնիսական սլաքն անմիջապես արձագանքում է իր կողքով անցնող էլեկտրական հոսանքին։

Այս արդյունքները չափազանց հետաքրքրեցին և ոգևորեցին Մայքլ Ֆարադեյին, ով երկու տարի անց՝ 1822 թվականին, մի գաղափար առաջ քաշեց՝ մագնիսականության ձևափոխումը էլեկտրականության։ Արդեն իսկ պարզ էր, որ էլեկտրական դաշտը գեներացնում է մագնիսական դաշտ։ Ֆարադեյն իր առջև դրեց հակառակ խնդիրը․ արդյո՞ք հնարավոր է ինչ-որ պայմաններում մագնիսական դաշտի միջոցով ձևավորել էլեկտրական դաշտ։ Դա իսկապես հեղափոխական գաղափար էր, քանի որ նախաֆարադեյան դարաշրջանում գիտնականները ենթադրում էին, որ էլեկտրական դաշտի աղբյուրներ կարող են հանդիսանալ բացառապես լիցքավորված մարմինները։ Ֆարադեյը ձևավորեց էլեկտրամագնիսականության դարաշրջանը, երբ ցույց տվեց, որ այդ երկու դաշտերը կարելի է միավորել։

Մոտավորապես 9 տարվա խորը մտորումներից հետո՝ 1831 թվականին, կոճի, հաղորդալարի, գալվանոմետրի և մագնիսի միջոցով Ֆարադեյն ի վերջո կարողացավ ապացուցել այդ կապի առկայությունը և այն փաստը, որ էլեկտրական դաշտի աղբյուր կարող է լինել նաև փոփոխական մագնիսական դաշտը։ Բացահայտվեց նոր տեսակի՝ մրրկային էլեկտրական դաշտը, և կատարվեց էլեկտրամագնիսական ինդուկցիայի դարակազմիկ հայտնագործությունը։ Հետաքրքիր է, որ Ֆարադեյին զուգահեռ այդ հայտնագործությանը շատ մոտ էին ևս երկու շատ վառ անհատականություն՝ Ջոզեֆ Հենրին (ով կարողացավ ինդուկցիայի երևույթը բացահայտել) և Ժան-Դանիել Կոլադոնը։

Էլեկտրամագնիսական ինդուկցիայի օրենքը բացեց պատուհան դեպի նոր աշխարհ։ Ֆարադեյի նպատակն էր էլեկտրական դաշտի նոր աղբյուրներ ստանալը, իսկ Ջոզեֆ Հենրին ավելի առաջ էր նայում. նա ենթադրում էր, որ այդ երևույթի շնորհիվ կարելի է ձևակերպել խնդիրների մի դաս, որոնք անմիջական կիրառություն կունենան նաև արդյունաբերության մեջ՝ ձևավորելով էլեկտրական շարժիչների մի ընտանիք, որի շնորհիվ կարելի է էլեկտրական էներգիան վերափոխել մեխանիկական աշխատանքի, ինչը հետագայում իրագործվեց։ Սակայն Ֆարադաեյի հայտնագործության կարևորագույն դերը կայանում էր նրանում, որ դա առաջին քայլն էր դեպի միացյալ էլեկտրական և մագնիսական դաշտերի տեսություն, որը հետագայում ձևակերպվեց Ջեյմս Քլերկ Մաքսվելի կողմից։

Դիտեք նաև՝

Search