Play Video

1940 թվականին Ադոլֆ Հիտլերը հասկացավ, որ դեպի Խորհրդային միություն արշավանքը հաջողությամբ պսակելու համար անհրաժեշտ է լուծել արևմտյան ուղղության կարևորագույն հարցը, այն է՝ կոտրել Անգլիայի դիմադրությունը։ Ի սկբանե նախատեսվում էր գերմանական ներխուժում «Ծովային առյուծ» գործողության միջոցով։ Սակայն Դյունկերկից 300,000 բրիտանացի զինվորականների տարհանման և մերձծովյա դիրքերի ամրացման շնորհիվ գերմանացիները չկարողացան հաջողությամբ ծովային հարձակում իրականացնել։ 1940 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին սկսվեցին Բրիտանիայի վրա մեթոդական ավիացոն հարձակումները։ Իրավիճակը շատ ծանր էր, քանի որ բրիտանական ռազմաօդային ուժերը մոտ երեք անգամ զիջում էին գերմանականին։

Դեռևս 1930-ականների սկզբին մի խումբ գիտնականներ առաջարկում էին Բրիտանական կղզիների երկայնքով՝ Լա Մանշի ուղղությամբ, տեղադրել մեծ քանակի աշտարակներ՝ ռադիոլոկացիոն կայաններ, որոնք հզոր ռադիոճառագայթիչներ և ընդունիչներ կհանդիսանան և էլեկտրամագնիսական ճառագայթման միջոցով կզոնդավորեն այն տարածքը, որտեղից օդ էին բարձրանում գերմանական ռմբակոծիչներն ու կործանիչները։ Մարշալ Դաուդինգի անունը կրող այդ համակարգը էլեկտրամագնիսական ճառագայթներ էր ուղղորդում դեպի Ֆրանսիայի տարածք և անդրադարձած ճառագայթների միջոցով հայտնաբերում օդում շարժվող օբյեկտները։ Ոչ մեծ քանակի բրիտանական կործանիչները, ստանալով անհրաժեշտ տեղեկատվությունը, կարողանում էին շատ թիրախային կերպով մեծ քանակի ռմբակոծիչներ ոչնչացնել։ Մոտավորապես երեք ամիս տևած օդային մենամարտի արդյունքում գերմանացիներին այդպես էլ չհաջողվեց առաջընթաց գրանցել։ Տարիներ անց ռմբակոծություններին մասնակցած գերմանացի օդաչուները խոստովանեցին, որ չէին հասկանում այդ աշտարակների կարևորությունը, և եթե գիտակցեին, որ դրանք հանդիսանում էին Բրիտանական կղզիների աչքերը, ոչ թե կհարվածեին բրիտանական օդանավակայաններին և զինանոցներին, այլ նախևառաջ այդ աշտարակները շարքից կհանեին։

Փաստորեն, ամբողջ պատերազմի համար կենսական նշանակություն ունեցած ճակատամարտի հանգուցալուծումը տեղի ունեցավ ոչ միայն հերոս օդաչուների, այլև այն գիտնականների շնորհիվ, որոնք կարողացան ճիշտ ժամանակին կռահել, որ պետք է ստեղծել մարմինների հայտնաբերման համակարգեր, որոնց հիմքում ընկած էին էլեկտրամագնիսական ալիքների տարածման և անդրադարձման գաղափարները։ Ի սկզբանե, երբ Մաքսվելը գրում էր իր հավասարումները, իսկ Մարկոնին և Պոպովը փորձում էին դրանք կիրառել պարզագույն սարքերում, շատերի համար անհասկանալի էր, թե ինչ օգուտ կա այդ ամենից։ Փորձը ցույց տվեց, որ այդ հայտնագործությունները գտան իրենց անմիջական և կարևորագույն կիրառությունները և ճակատագրական դեր խաղացին ողջ մարդկության համար։

Դիտեք նաև՝

Search