Մայքլ Ֆարադեյը, առաջ քաշելով լիցքերի փոխազդեցության մերձազդեցության տեսությունը, ներմուծում է էլեկտրամագնիսական ալիքի գաղափարը։ Այդ դատողությունները, սակայն, որակական էին, և կարիք կար քանակական հիմնավորման: 1865 թվականին բրիտանացի ֆիզիկոս Ջեյմս Մաքսվելը ամփոփում է էլեկտրականության և մագնիսականության արդեն իսկ ձևակերպված օրենքները` Կուլոնի օրենքը, մագնիսական լիցքերի բացակայության օրենքը, Բիո-Սավար-Լապլասի օրենքը, Ֆարադեյի հանճարեղ հայտնագործությունը՝ էլեկտամագնիսական ինդուկցիան, և ներկայացնում ինչպես հավասարումների որոշակի համակարգ, որոնք այժմ կրում են իր անունը՝ Մաքսվելի հավասարումներ։
Այս կարևորագույն օրենքներին ավելացնելով շեղման հոսանքի գաղափարը` շատ բարդ մաթեմատիկական հավասարումների միջոցով Մաքսվելը կարողանում է պատասխանել հետևյալ հարցին՝ «Եթե ենթադրաբար գոյություն չունեն ոչ լիցքեր, ոչ հոսանքներ, արդյո՞ք հնարավոր է էլեկտրական դաշտի և մագնիսական դաշտի գոյությունը»։ Մաքսվելը պնդում էր, որ հնարավոր է, պարզապես այդ դաշտերը պետք է իրար ծնեն. փոփոխական մագնիսականը ձևավորի էլեկտրական դաշտ, իր հերթին էլեկտրականը՝ մագնիսական, և այսպես շարունակ։ Ընդ որում, այդ դաշտերը գոյություն ունեն ալիքի տեսքով, և հաշվարկները ցույց են տալիս, որ այդ ալիքը տարածվում է ճիշտ լույսի արագությամբ։ Վեկտորական օպերատորներ օգտագործելով՝ հավասարումների այս համախումբը շատ պարզ և գեղեցիկ մաթեմատիկական լեզվով ձևակերպում է Հայնրիխ Հերցը և փորձերի միջոցով ապացուցում Մաքսվելի տեսության ճշմարտացիությունը և էլեկտրամագնիսական ալիքների գոյությունը։
Էլեկտրամագնիսական ալիքների առկայության ապացուցման փաստն անմիջապես փոխում է քաղաքակրթության պատկերը․ հասկանալի է դառնում, որ այդ ալիքների միջոցով կարելի է նաև տեղեկատվություն փոխանցել։ Այդ հայտնագործության կիրառական նշանակությունը բացահայտում են երկու վառ անհատականություններ՝ Գուլիելմո Մարկոնին և Ալեքսանդր Պոպովը, որոնք առաջ են քաշում ռադիոկապի գաղափարը․ ապացուցում են էլեկտրամագնիսական ալիքների միջոցով տեղեկատվության փոխանցման հնարավորությունը։ Ստեղծվում են ռադիոընդունիչներ և ճառագայթիչներ, իսկ հետագայում` արդեն հեռուստատեսությունը, բջջային կապն ու համացանցը։ Շատ արագ կերպով երկրները սկսում են ավելի սերտորեն համագործակցել, ինչը բերում է տնտեսության զարգացմանը և մշակութային փոխանակմանը։ Իսկ ֆիզիկայի զարգացման առումով` Ամպերի, Էրստեդի, Ֆարադեյի, Մաքսվելի, Հերցի շնորհիվ մարդկությունը թևակոխում է ռելատիվիզմի դար։